Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը Փարիզում աշխարհի 1-ին ռակետ Նովակ Ջոկովիչն է
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ «Ռոլան Գարոսում»:
Մեր հայրենակիցը հերթական խաղում 3:1 հաշվով հաղթել է չիլիացի Քրիստիան Գարինին և մտել 1/8 եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի աշխարհի 1-ին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ: Կարեն Խաչանովը իր կարծիքն է հայտնել առաջիկա հանդիպման մասին, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին:
«Նովակի հետ խաղին կփորձեմ հանգիստ գործել և որքան հնարավոր է երկար պահպանել բարձր խաղամակարդակ: Ջոկովիչի դեմ պետք է խաղալ համառորեն, ստիպել նրան սխալվել, ընդ որում հարկավոր է մաքսիմալ օգտագործել սեփական մատուցման առավելությունը:
Չպետք է հուսահատվել, եթե անգամ չհաջողվի անընդմեջ մի քանի խաղափուլ շահել: Նովակը հիանալի գիտի, թե ինչպես պետք է վերադարձնել նույնիսկ ամենադժվար գնդակները: Հարկավոր է հավատալ ինքս քեզ և հաճույք ստանալ այդպիսի ուժեղ մրցակցի հետ խաղալուց», - Խաչանովի խոսքերը մեջբերում է APR-ի՝ թենիսիստների պրոֆեսիոնալ միության պաշտոնական կայքը: