Բացել լրահոսը Փակել լրահոսը
garo_paylan_2722
A A
Հասարակություն

Ղարաբաղի մասին հայտարարությունների համար Թուրքիայում սպառնում են հայ պատգամավորին

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել էր արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող լայնամասշտաբ ռազմական գործողություններին, գրում է Ermenihaber.am-ը։

Նա Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու և հայերին ուղղված ատելության խոսքով Թուրքիայում բնակվող հայերին թիրախավորելու համար:

Փայլանի այս հայտարարությունները բացասական արձագանք են գտել սոցցանցերի թուրք  օգտատերերի և իշխող ու աջակողմյան քաղաքական գործիչների շրջանում: 

Մինչդեռ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը, պնդում էր, թե իբր իր երկրում թույլ չեն տա, որ ինչ-որ անձինք սոցցանցերում կամ որևէ այլ հարթակներում Թուրքիայի հայ քաղաքացիներին սպառնան կամ հետապնդեն։ Նման արարքները Չելիքն անվանել էր սադրանք, որը վարկաբեկում է նաև Թուրքիային։

Չնայած խոսնակի՝ իրականությանը չհամապատասխանող խոստումներին՝ շատերը արդեն իսկ սպառնալիքներ են հնչեցնում հայ պատգամավորի հասցեին՝ նրան անվանելով Թուրքիայի թշնամի:

Twitter-ում թուրք օգտատերերից Իսմայիլ Օքը գրել է.

«Չգիտեմ՝ Գարո ես, թե՝ խեղկատակ, բայց մեր երկրում ապրելով հանդերձ դավաճանում ես: Նույնիսկ այն օդը, որը դու այս երկրում շնչում ես, թող Ձեզ հարամ լինի: Քանի Հայաստանում պատերազմ է ու նաև քո աջակցությունը վայելող PKK-ականներից 3000 հոգի գնացել են այնտեղ (խմբ. Հայաստան), դու էլ գնա մասնակցիր, իսկ մենք էլ մի փամփուշտ ավել կկրակենք»:

Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Այշե Քեշիրը Twitter-ում անդրադառնալով Փայլանի գրառումներին, գրել է. «Կարծում եմ Կարո Փայլանը մոռացել է, որ Թուրքիայի խորհրդարանի անդամ է»:

Նախօրեին Օմեր Չելիքը Twitter-ում անդրադառնալով Թուրքիայում հայերի դեմ սպառնալիքներին, մասնավորապես գրել էր. «Շարունակելու ենք ընդդիմանալ անիրավ և անօրինական այդ գործողությանը», որը  ըստ նրա՝ սադրանք է:  

Աղբյուր`    Ermenihaber.am