Բացել լրահոսը Փակել լրահոսը
կռիվ
A A
Քաղաքականություն

Ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել ռազմական եղանակով. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Միջազգային հանրությունը շարունակում է կոչ անել ղարաբաղյան հակամարտության գոտում դադարեցնել կրակը: Խնդիրը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ղարաբաղյան հակամարտության կողմերին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և հնարավորինս արագ վերադառնալ առարկայական բանակցություններին: Միջազգային հանրությունը շարունակում է կոչեր հնչեցնել ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին: Սեպտեմբերի 29-ին հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որն իր վերջնական հայտարարության մեջ կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցությունների: Այն նաև չի բացառել հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացումը։

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյի կարծիքով այս պահին դժվար է պատկերացնել Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունն առանց արտաքին ուժերի քաղաքական և դիվանագիտական ներգրավվածության: Միջազգային հանրության կոչերից զատ անհրաժեշտ են հավելյալ դիվանագիտական ջանքեր և քայլեր՝ կողմերին ստիպելու դադարեցնել կրակը և նստել բանակցային սեղանի շուրջ՝ խնդիրը ոչ թե զենքով, այլ խոսքով կարգավորելու համար, իսկ արտաքին ուժերի ռազմական միջամտությունն, ըստ նրա, միայն կբարդացնի իրադրությունը:

՛՛Այս բախումները որևէ հաջողության չեն հանգեցնի: Դա նախկինում արձանագրել են նաև հակամարտության կողմերի ղեկավարները: Այս խնդիրը չի կարող լուծվել ռազմական եղանակով՛՛,- ասում է Քավանոն:

Նա ընդգծում ԱՄՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի ուղերձների կարևորությունն ընդդեմ ղարաբաղյան հակամարտության ռազմական գործողություններում արտաքիւն ուժերի ներգրավմանը: Այս ուղերձները կարող են հակազդել Անկարայից հնչող որոշ ուղերձներին, որոնք գտնում են, որ եկել է խնդիրը ռազմական եղանակով կարգավորելու ժամանակը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդն առանձնացնում է տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությունը: Նրա կարծիքով հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Ռուսաստանն ունի ոչ միանշանակ և բարդ մոտեցում:

"Ռուսաստանն իհարկե չի ցանկանում լայնածավալ պատերազմ տարածաշրջանում, ուստի կոչ է անում զինադադարի: Միևնույն ժամանակ, իմ համանախագահության օրերին օրինակ, ես չէի զգում, որ այն ցանկանում է տեսնել ղարաբաղյան խնդիրը լիովին կարգավորված՛՛,- ասում է դեսպան Հոգլանդը:

Ռիչարդ Հոգլանդը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության վերջին լարվածության աճը սակայն կապված է Մոսկվայի և Անկարայի միջև բարդ հարաբերությունների հետ, որոնք պայմանավորված են Սիրիայի և Լիբիայի հարցերով: Զինադադարի հաստատման հարցը որոշում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները: Անհրաժեշտ է դադարեցնել ուժի կիրառումը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, հակառակ դեպքում մենք ականատես կլինենք արյունահեղության շարունակմանը, գտնում է Հոգլանդը: