ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այսօր ընդունվող որոշումը կարող է ազդել պատերազմի ելքի վրա․ Ս․Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ այսօր Վարդենիսի վրա Ադրբեջանի հարձակումը պատճառ է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դիմի ՀԱՊԿ արձագանքելու այդ իրողությանը։ Քաղաքագետը միաժամանակ ասում է, թե հիմա որևէ դեպքում պետք չէ հակաքարոզչություն իրականացնել որևէ կենտրոնի, այդ թվում ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դեմ։
«Գիտենք, որ ՀԱՊԿ-ը չաշխատող համակարգ է, մեզ պետք է որ ՀԱՊԿ-ը մեր օգտին հայտարարություն անի, իսկ ՌԴ-ն զսպի Թուրքիային։ Պատերազմը հաղթելուց հետո կսկսենք քննադատել», ասում է նա։
Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Էստոնիայի նախաձեռնությամբ քննարկվելու է Արցախի վրա Ադրբեջանի հարձակման հարցը։ Իհարկե, լավ է, որ հարցը քննարկվելու է նման ազդեցիկ կենտրոններում, բայց միաժամանակ կա վտանգ, որ միգուցե այնտեղ Թուրքիան կարողանա օգտագործել իր ազդեցությունը, և քննարկումն այնքան էլ հայկական կողմի օգտին չընթանա։ Միաժամանակ նաև ողջունում է Ադրբեջանի օգտին Թուրքիայի ակտիվությունը․
«Հիմա շատ երկրներ վառված են Թուրքիայի ակտիվությամբ, և որքան Թուրքիան ակտիվ լինի հօգուտ Ադրբեջանի, այնքան բացասական ազդեցություն կլինի»։
Ս․Գրիգորյանը հույս է հայտնում, որ ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամ երկրներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կունենա հայանպաստ ելույթ, ինչն էլ կազդի ընդունվող բանաձևի վրա։ Քաղաքագետը նաև թերահավատ է, թե այդ կառույցի անդամ երկրները, նրանց ղեկավարները լավ են պատկերացնում, թե ինչ է կատարվում հիմա Արցախում և Հայաստանում։
«ՌԴ-ն գիտի, թե ինչ է կատարվում, բայց դժվար է կանխատեսել, ինչպես է իրեն պահելու՝ չեզո՞ք, թե՞ մի փոքր հօգուտ մեզ։ Շատ կարևոր է նաև Մերկելի և Մակրոնի ելույթները։ Օրինակ, եթե Ֆրանսիան շատ կոշտ մեզ աջակցի, միանշանակ վատ բանաձև չի լինի: Մեզ պետք է, այնտեղ լինի մեկ կետ, որ Թուրքիան դատապարտվի, որ երրորդ երկրները չպետք է մխրճվեն այս հակամարտության մեջ։ Եթե Թուրքիան զսպվի, մենք միանշանակ հաղթող դուրս կգանք»,- ասում է Ս․Գրիգորյանը։