ՄՕԿ-ը հնարավոր է Իտալիայից վերցնի 2026թ օլիմպիական խաղերը
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային օլիմպիական կոմիտեի՝ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին մտահոգել է Իտալիայի կառավարության նոր օրինագծի առաջարկությունը, ըստ որի Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեն (CONI) կորցնում է ֆինանսները բաշխելու ինքնուրույնությունը: Այդ մասին հայտնում է La Republicca թերթը:
Եթե այս օրենքն ընդունվի, ապա Իտալիայի կառավարությունը կարող է միջամտել ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությանը, ինչը հակասում է Օլիմպիական խարտիայի սկզբունքներին:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը մեկ անգամ ևս նախազգուշացրել է Իտալիայի կառավարությանը՝ ազգային օլիմպիական կոմիտեի լիազորությունները կրճատող օրենքի ընդունմանը հետևանքների մասին: Մասնավորապես՝ միջազգային կոմիտեն կարող է Իտալիային զրկել օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև 2026թ ձմեռային օլիմպիական խաղերից, որը պետք է անցկացվի իտալական Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում: Իտալիայի կառավարությունը խոստացել է ընդունել բանաձեւ, որը թույլ կտա իրեն «իրականացնել իր լիազորությունները՝ չհակասելով օլիմպիական կանոնադրությանը»:
Այնուամենայնիվ, Թոմաս Բախը նամակ է ուղարկել Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորային և պարզաբանում պահանջել: Վերջինս անհիմն է համարել ՄՕԿ-ի կողմից ներկայացված պահանջները և օրինակ է բերել Բելառուսին, որի Ազգային օլիմպիական կոմիտեն ներկայումս ղեկավարում է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Եթե Բախի համար Բելառուսի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի «ինքնավարությունը» քննարկման առարկա չէ, ապա առավել ևս դա չպետք է լինի Իտալիայի պարագայում», - հայտարարել է Իտալիայի սպորտի նախարարը: