Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԱԿ
A A
Քաղաքականություն

Պատերազմն այս մեզ համար Հայրենական է, քանզի պաշտպանում ենք մեր հայրենի հողը․ ՌԱԿ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ

ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական հրոսակները լայնածավալ հարձակման անցան Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով իրենց ձեռքի տակ եղած ռազմական գրեթե ողջ զինանոցը և հավատարիմ մնալով իրենց նենգ բնույթին՝ որպես թիրախ ընտրել են ոչ միայն հայկական զինված ուժերը, այլ նաև խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը: Ռմբակոծվում է նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ռամկավար Ազատական կուսակցությունը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ: Մենք վստահ ենք, որ Արցախի պաշտպանության բանակը և հայկական զինված ուժերը քաղաքական և ռազմական համարժեք պատասխան կտան թշնամուն՝ ապահովելու Արցախի և Հայաստանի բնակչության անվտանգությունը և հայրենի սահմանների անառիկությունը:

Սիրելի՛ հայ ժողովուրդ, Հայաստանում և Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

Ուստի կոչ ենք անում հերթական այս օրհասական պահին ազգովի ցուցաբերել մեծ կազմակերպվածություն, երկաթակուռ միասնություն, համախմբվել մեր երկու հանրապետությունների ղեկավարությունների շուրջ: Հիմնվենք  հայկական սփյուռքի մեր հայրենակիցների հզոր աջակցությանը և մի կողմ դնելով բոլոր քաղաքական տարակարծությունները՝ բռունցքվենք ու ջախջախիչ հակահարված հասցնենք հակառակորդին:

Պատերազմն այս մեզ համար Հայրենական է, քանզի պաշտպանում ենք մեր հայրենի հողը, իսկ առանց հողի հայրենիք չի լինում:

Մեր հաղթանակն այլընտրանք չունի: Փա՛ռք Արցախի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը, Հայոց Սփյուռքին, հայ զինվորին և հայ ժողովրդին:

Աստված մեզ զորավիգ:

 

Ռամկավար Ազատական կուսակցության

Կենտրոնական Վարչություն

 

27.09.2020թ