Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը թող տղամարդու խոսք տա, որ հանրահավաքի օրը գայի պոստը չի փակի. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն նստավայրի բակում ի աջակցություն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հավաքվածների շարքում էր նաև ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, կրկին առանց դիմակի։

Պետրոսյանի դիմակ չկրելու հանգամանքին ոստիկանները միջամտեցին, վերջինս ասաց՝ ապացույց ունի, որ կարող է դիմակ չկրել և անցավ լրագրողների հարցերին պատասխանելուն։

Ոստիկանները պնդեցին, որ պետք է վարույթ հարուցվի, Պետրոսյանն էլ ասաց՝ թող իրեն մոտենան միայն հարցազրույցից հետո։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է  իր դեմ քրեական գործ հարուցվի, Պետրոսյանն արձագանքեց․

«Ինձ որևէ գործողություն հայտնի չէ, որևէ քայլ  իմ հանդեպ դեռ չի արվել, բայց ոչինչ չի բացառվում, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է»։

Պատգամավորը բացառեց,որ իրեն կարող են մեղադրանք առաջադրել ընտրակաշառք տալու համար։

Պետրոսյանը պնդեց՝  եթե այսօր կալանավորեն Գագիկ Ծառուկյանին, ապա դա քաղաքական հետապնդում է․

«Ոչ թե որ Ծառուկյանն իմ ղեկավարն է, ավագ ընկերը, այլ որպես իրավաբան եմ ասում՝  իրեն մեղասագրվող արարքը  հասարակական մեծ վտանգավորություն չներկայացնող արարք է,  որի համար օրենսդիրը նախատեսել  է նաև տուգանք որպես սանկցիա»։

Պետրոսյանը համոզմունք ունի՝ այստեղ բացահայտ քաղաքական հետապնդում է գնում անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով․

«Փաշինյանի քիմքին  հաճելի չեղավ, որ Ծառուկյանն ասաց՝ այս  կառավարությունն ապիկար է, պետք է հրաժարական տա։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայրենասիրություն ու մի քիչ էլ խելք ունենար, կասեր պարոն Ծառուկյան եկեք համագործակցենք, մեր ուժերը մեկտեղենք, օգտագործենք ձեր հեղինակությունը, էս սոված ժողովրդին խելքի բերենք, երկիրը փրկենք»։

Հարցին, թե ինչո՞ւ վերջերս չի ներկայանում խորհրդարան, նա պատասխանեց, որ առողջական խնդիր ունի, նաև, ըստ նրա, խորհրդարանում աշխատանքային մթնոլորտ չկա, ընդդիմության ցանկացած նախաձեռնություն տապալվում է  հենց միայն նրա համար, որ ընդդիմությունն է ներկայացնում․

«Ինձ համար այնտեղ աշխատանքային մթնոլորտ չկա: Եթե իմ քաղաքական ղեկավարի նկատմամբ հարգանք չլիներ, հավանաբար իմ նախաձեռնությամբ մանդատը վայր դրած կլինեի»,- ասաց պատգամավորը:

Գ.Պետրոսյանն ասաց, որ իշխանությունը ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի» հոկտեմբերի 8-ի համապետական հանրահավաքից է ցայտնոտի  մեջ ընկել, շատերի շաքարը բարձրացել է մինչև երկինք․

«Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է որ մարդ չի գալու, թող խոստանա, որ գայի պոստերը չի փակելու»։

Ի վերջո ոստիկանությունը արձանագրություն կազմեց Գևորգ Պետրոսյանի նկատմամբ դիմակ չկրելու հիմքով: