Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանությունը թող իր տեղում նստած մնա և տեսնի՝ հանրությունը ինչ պահանջներ կներկայացնի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

«Եթե 2018 թվականի դեկտեմբերյան ընտրությունները եղել են առանց ընտրակաշառքի, այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե այդ հանցագործության  հիմքը կտրել են, ինչո՞ւ են նորից անդրադառնում, եթե չեն կտրել, սա նշանակում է՝ իշխանությունը ինքն իրեն էլ է կասկածում»։
 
Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ով դատարան էր եկել՝ սատարելու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին։
 
Մինասյանը պնդում է՝ չպետք է ընտրողական մոտեցում լինի, թե անդրադառնում են ընտրակաշառքի դեպքերին, պետք է անդրադառնալ Հանրապետության ձևավորման 4-րդ տարվանից անցկացված բոլոր ընտրություններին։
 
ՀՅԴ անդամը համոզմունք ունի՝ իշխանությունը ամեն ինչ անում է իր ընդդիմախոսների լռեցնելու համար։  Մինասյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ հարուցված քրեական գործը չի կարող իրականացվել առանց անձին ազատությունից զրկելու գործողության․
«Ոչ թե իրավունքի գերակայությամբ, օրենքի առաջնորդությամբ արդարադատություն է իրականացվում, այլ բացառապես իշխանության կամքով և քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողությամբ»։ 
 
Մինասյանի խոսքով՝  քաղաքական հայտարարություններից հետո էս գործիքակազմը կիրառելը նշանակում է՝ դրանք կապված են միմյանց հետ։
 
Ինչ վերաբերում է հանրահավաքին, Մինասյանը հայտարարեց՝  Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրավիճակը կապ չունի հանրահավաքի հետ, ուստի Ծառուկյանի հնարավոր կալանավորումը հանրահավաքի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող, հնարավոր է՝ լինեն որոշակի երանգային փոփոխություններ․
 
«Իշխանությունը թող իր տեղում նստած մնա և տեսնի՝ հանրությունը ինչ պահանջներ կներկայացնի։ Եթե իշխանությունը այդքան վստահ է իր վրա, ապա չպետք է փորձեն ամեն գնով միջամտել։ Ես համոզված եմ՝ իշխանությունը այս ընթացքում անելու է հնարավորը, որպեսզի խոչընդոտեն»։
 
Արծվիկ  Մինասյանը համզված է՝ հոկտեմբերի 8-ի հանրահավաքը կլինի բազմամարդ, ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը սպասում է քաղաքական խոսքի և գործողությունների, և կլինի իշխանափոխություն ժողովրդի մասնակցությամբ։