Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia 24.09.
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ցելյեին» և մտավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում Երևանի «Արարատ-Արմենիան» այսօր սեփական դաշտում ընդունեց Սլովենիայի «Ցելյե» թիմին:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսն հիմնականում անցավ տակտիկական պայքարում: Երկու թիմերն էլ զգուշավոր մարտավարություն էին ընտրել և հիմնականում մտածում էին սեփական դարպասն անառիկ պահելու մասին: Խաղի 19-րդ րոպեին հյուրերին հաջողվեց գոլ խփել, սակայն մինչ այդ նրանց ֆուտբոլիստը գտնվում էր խաղից դուրս վիճակում:

Երկրորդ կեսում «Ցելյեն» ակտիվացավ և սկսեց ավելի մեծ ուժերով գրոհել: «Արարատ-Արմենիան» հիմնականում պաշտպանվում էր և դիմում սուր հակագրոհների: Դրանից մեկը քիչ էր մնում ավարտվեր դարպասի գրավումով, սակայն Նարսինգի հարվածը մի փոքր շեղ ստացվեց:

«Ցելյեն» հիմնական շեշտը դրել էր տուգանային և անկյունային հարվածների իրացման վրա, սակայն մեր թիմի պաշտպաններն ու դարպասապահ Ստեֆան Չուպիչը կարողացան չեզոքացնել բոլոր վտանգավոր պահերը և մրցակցին թույլ չտվեցին կատարել վտանգավոր հարվածներ: Այդպիսով, խաղի հիմնական մասն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0:

Նշանակվեց լրացուցիչ 30 րոպե, քանի որ հանդիպման հաղթողը պետք է որոշվեր հենց այսօր: Առաջին 15 րոպեներն անցան հավասար պայքարում: Թիմերը փորձում էին հեռահար հարվածներով գրավել դարպասները, սակայն դրանք հիմնականում շեղ էին:

Հանդիպման 111-րդ րոպեին «Արարատ-Արմենիան», այնուամենայնիվ, կարողացավ գրավել «Ցելյեի» դարպասը, երբ անկյունայինի անհաջող խաղարկումից հետո երկրորդ գրոհը ձեռնարկեց և Արմեն Համբարձումյանի փոխանցումից հետո Սերգեյ Վակուլենկոն մոտ տարածությունից գնդակն ուղարկեց անպաշտպան դարպասը:

Բաց թողած գոլից հետո հյուրերը մեծ ուժերով նետվեցին առաջ, սակայն մեր ֆուտբոլիստներին այս անգամ էլ հաջողվեց չեզոքացնել բոլոր վտանգավոր գրոհները և ի վերջո պահպանել առավելությունը:

Այդպիսով, «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթանակ տարավ և երկրորդ տարին անընդմեջ մտավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ, որտեղ արդեն կհանդիպի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ: Այդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին, դարձյալ Երևանում: