Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia - celje
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիա» - «Ցելյե». հայ-սլովենական 5-րդ հակամարտություն

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում այսօր Երևանի «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում կհանդիպի Սլովենիայի «Ցելյե» ակումբի հետ:

Սա երկու երկրների թիմերի թվով 5-րդ հակամարտությունն է: 2002թ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում Երևանի «Զվարթնոցը» երկու խաղերի արդյունքներով պարտվել էր սլովենական «Պրիմորյեին»՝ 1:6, 2:0:

2017 թվականին Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում Գյումրիի «Շիրակին» մրցակից էր բաժին հասել այդ երկրի ներկայացուցիչ «Նովա Գորիցան»: Մեր թիմը առաջին խաղում սեփական դաշտում պարտվել էր 0:2 հաշվով, իսկ երկրորդում ոչ-ոքի խաղացել՝ 2:2:

Այսօր հաղթողը կորոշվի մեկ խաղում: «Ցելյեն» մինչ այդ հանդես է եկել չեմպիոնների լիգայում: Սլովենիայի նորընծա չեմպիոնը նախ սեփական դաշտում վստահ հաղթել է Իռլանդիայի «Դանդալկին»՝ 3:0, իսկ հետո պարտվել է Նորվեգիայի «Մյոլդեին»՝ 1:2: Վերջին խաղում սլովենացիներն առաջինն են բացել հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսում երկու գոլ են բաց թողել և զիջել են մրցակցին:

«Արարատ-Արմենիան» չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում Երևանում լրացաւցիչ ժամանակում պարտվել է Կիպրոսի «Օմոնիային»՝ 0:1, իսկ Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում մեր թիմը սեփական դաշտում, դարձյալ լրացուցիչ ժամանակում, հաղթել է Լյուքսեմբուրգի «Ֆոլային»՝ 4:3:

Բուքմեյքերների կարծիքով՝ այսօրվա խաղում չկա ընդգծված ֆավորիտ: «Արարատ-Արմենիայի» հաղթանակը գնահատվել է 3,00 գործակից, իսկ «Ցելյեինը»՝ 2,40: 

Հարկ է նշել, որ երկու թիմերն էլ այնքան էլ հաջող հանդես չեն գալիս ընթացիկ մրցաշրջանում: «Ցելյեն» վերջին 5 խաղերում կրել է երեք պարտություն, իսկ երկուսում ոչ-ոքի է խաղացել: «Արարատ-Արմենիան» հաղթանակ չէր տարել մինչև «Ֆոլայի» հետ հանդիպումը, 5 խաղում կրելով երեք պարտություն, որից երկուսը՝ լրացուցիչ ժամանակում:

«Արարատ-Արմենիա» - «Ցելյե» խաղը տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կսկսվի ժամը 18:00-ին: Հանդիպումը կսպասարկի Շոտլանդիայի մրցավարական անձնակազմը՝ Ջոն Բիթոնի գլխավորությամբ: Այս հանդիպման հաղթողը Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում տանը կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ: