Բացել լրահոսը Փակել լրահոսը
adbf85ccda47e28f50f5a6d49df11d79_M
A A
Քաղաքականություն

Արթուր Վաղարշյանի խոսքով՝ առայժմ ՍԴ նախագահի իր նախընտրած թեկնածուն չունի

Այսօր շարունակվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստը, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն է։ ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը մինչ նիստը լրագրողների հետ զրուցում անդրադարձավ հարցին, թե ինչու լրատվամիջոցներին թույլ չտրվեց ներկա գտնվել և լուսաբանել նիստը։

«Մենք կտեսաձայնագրենք և հետո այդ նյութերը մեր որոշումով կտրամադրենք ձեզ»,- նշեց Վաղարշյանը՝ պարզաբանելով , թե խնդիրը կարանտինային պայմաններն են։

Արթուր Վաղարշյանի խոսքով՝ առայժմ ՍԴ նախագահի իր նախընտրած թեկնածուն չունի։ Ինքը կառաջադրվի, թե ոչ, ևս գաղտնիք է։

«Ես պետք է լսեմ թեկնածուին եւ նրա խոսքը, տեսլականը ՍԴ-ի ապագայի մասին, նոր ընտրություն կատարեմ»,- ասաց ՍԴ նորընտիր դատավորը։

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե երեկ քննարկվել է ՍԴ դատավոր Խունդկարյանի թեկնածության հարցը, դատավորը նշեց․

«Այդ տեղեկությունները լուրջ չեմ ընդունում, քանի որ 2 ամիս շարունակ մամուլը գրում էր, թե ես ՍԴ դատավոր չեմ ընտրվի, սակայն ընտրվել եմ»։

Վաղարշյանը հերքեց նաև այն լուրերը, թե ՍԴ նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում թեկնածուների առաջադրման հարցը թեժ մթնոլորտում է քննարկվել.

«Թեկնածության հարցը չի քննարկվել, միայն քննարկվել են ընթացակարգային հարցեր, եւ իմ համար էլ է հանելուկ, թե ով է լինելու թեկնածու»։