Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Չխանգարել հանքի աշխատանքների վերսկսմանը». Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների ակցիան ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

Ամուլսարի հարակից համայնքների մի քանի բնակիչներ «Ամուլսար, հանք» կարգախոսով այսօր հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց։ Նրանք պահանջում են թույլ տալ Ամուլսարի հանքի շահագործումը։

Բողոքող քաղաքացիներից մեկը՝ Գնդեվազ գյուղի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, թե որոշ ընդդիմադիր և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ փորձում են օգտագործել համայնքին՝ դիվիդենտներ քաղելու համար:

Իշխող խմբակցության պատգամավորներից ցուցարարները հնչեցրին Լենա Նազարյանի և Վարազդատ Կարապետյանի անունները, ընդդիմադիրներից՝ Անի Սամսոնյանի և Նաիրա Զոհրաբյանի:

Համայնքների բնակիչները կոչով դիմեցին պատգամավորներին՝ չխանգարել հանքի աշխատանքների վերսկսմանը: Հավաքվածները պնդում էին, թե համայնքների բնակիչների մեծ մասը սատարում է իրենց պահանջին։ Բնակիչներից Վիրաբ Հովհաննիսյանը պատգամավորներին կոչ արեց Ամուլսար գնալիս միայն ցուցարարների հետ չհանդիպել, այլ մտնել նաև գյուղ, զրուցել գյուղացիների հետ.

«Իսկ եթե նրանք ցանկանում են ձայն հավաքեն, ապա դրանով չեն կարողանա, քանի որ ձայն տվողն աշխատող մարդն է՝ մենք ենք, որ 1000 աշխատող ենք»:

Հավաքվածներից մեկը հայտարարեց, թե պատգամավորները ֆինանսավորում են Ամուլսարի ճանապարհը փակողներին՝ պնդելով, թե հակառակ դեպքում երկու տարի նրանք չէին կարող առանց վարձատրության մնալ Ամուլսարում։

Գնդեվազի բնակիչը հայտնեց, որ Ամուլսարում արդեն սկսվել են աշխատանքները, որոնցում ընդգրկված է հարակից բնակավայրերի 100 բնակիչ: Հանքի հարակից համայնքի բնակիչ, կենսաբան Մխիթար Արշակյանը, ով նաև «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից է, համոզմունք հայտնեց, թե հանքում բնապահպանական խնդիր չկա, այլապես 400 հազար դոլարով ուսումնասիրություն անցկացրած «Էլլարդ» ընկերությունը դրանք կարձանագրեր:

Նրանց խոսքով՝ ունեն հանքի հարակից բնակավայրերի բնակիչների 3000 ստորագրությունը, ովքեր կողմ են շահագործմանը: Մեր դիտարկմանը, թե կողմ են արդյոք հարցը հանրաքվեի տարբերակով լուծելու առաջարկին, բնակիչներից մեկը բացասական պատասխան տվեց։