Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչու հետաձգվեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստը (տեսանյութ)

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր ժամը 11-ին նախատեսված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը։

Ոչ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ոչ նրա փաստաբանական թիմից որևէ մեկին դատարանի տարածքում չհանդիպեցինք, նրանցից հետ նաև կապ հաստատել չհաջողվեց։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ դատարանը նիստի մասին չի ծանուցել պաշտպանական կողմին, ինչի պատճառով նրանք դատարան չեն ներկայացել, և այսօրվա դատական նիստը հետաձգվել է։

Հիշեցնենք հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրին երկու կողմերն էլ։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժեց փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարեց՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։

Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ և՛ պաշտպանները, և՛ դատախազությունը վճռաբեկ բողոքներ են ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքները, և Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։

Այսինքն, դատարանն այսօր պետք է քննարկեր Վերաքննիչ դատարանի որոշմամբ նոր քննության ուղարկված գործը, ինչը ենթադրում է, որ Ծառուկյանին կալանավորելու նոր միջնորդություն չի ներկայացվել։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։