Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ 2
A A
Պաշտոնական

Անկախության տոնը նշվել է նաև քրեակատարողական հիմնարկներում

1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Այդ օրվանից սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն: Այս տարի լրացավ մեր անկախ Հանրապետության 29-ամյակը, որը տարբեր միջոցառումներով նշվեց ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս:

Անկախության տոնը նշվեց նաև անազատության մեջ գտնվող անձանց կողմից: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում, պահպանելով հակահամաճարակային անվտանգության համապատասխան կանոնները, կազմակերպվել էին տոնին նվիրված տարբեր միջոցառումներ՝ սպորտային, մշակութային, երաժշտական: 

Մասնավորապես «Վանաձոր» ՔԿՀ-ի գրադարանում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր ստեղծագործող դատապարտյալների աշխատանքների ցուցադրման տաղավար՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին:  Ներկայացվել էին հատկապես դատապարտյալ Ռաֆիկ Հախվերդյանի ստեղծագործական աշխատանքները` նկարների ձևավորմամբ հուշանվերների պատրաստում: Ռ. Հախվերդյանն իր իսկ նախաձեռնությամբ ցուցադրված աշխատանքները նվիրաբերելու է վարչական տարածքում առկա բաց ցուցահանդես-տաղավարին:

«Սևան» ՔԿՀ-ում Անկախության տոնին նվիրված կազմակերպվել էր սպորտային շաբաթ՝ մարզային տարբեր խաղերով՝ ֆուտբոլ, շախմատ, բիլիարդ, ձեռքի ուժ և այլ սպորտաձևեր:

«Աշխարհի հայտնի կանայք» թեմայով «Աբովյան» ՔԿՀ-ում հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ և «Ինքնագործ մշակութային միավորման» խմբի կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացվել էր թեմատիկ քննարկում, որից հետո տոնական տրամադրությունը շարունակվել էր դահլիճում ազատազրկված կանայք ազգագրական երգ ու պարով, ասմունքով շնորհավորեցին Անկախության 29-ամյակը: 



ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին