Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խմբակցությունում տարբեր հարցերի հետ կապված կարող են լինել տարբեր մոտեցումներ, այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում. Մակունց (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե խմբակցության մի շարք պատգամավորներ պատրաստվում են մանդատը վայր դնել և դուրս գալ խմբակցությունից։ «Նշեցիք մի շարք պատգամավորների, ում հետ կապված լուրեր են շրջանառվել, և պատգամավորները հերքել են։ Կարծում եմ՝ ավելորդ է լրացուցիչ մեկնաբանություն անել այդ առնչությամբ։ Իսկ առանձին պատգամավորների հետ կապված, ում առնչությամբ հարցեր կան, առաջարկում եմ՝ հենց այդ պատգամավորները պատասխանեն այդ հարցերին։ Ինձ հետ անձամբ եղել են աշխատանքային քննարկումներ, մնացյալ հարցերը խնդրում եմ անձամբ պատգամավորներին»,-ասաց Լիլիթ Մակունցը։

Մակունցը վստահեցրեց, խմբակցությունում որևէ լուրջ խնդիրներ չկան. «Ինձ թվում է՝ բոլորս պետք է համակերպված լինենք այն իրավիճակի հետ, որ մեր խմբակցությունում տարբեր հարցերի հետ կապված կարող են լինել տարբեր մոտեցումներ, և այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Նորմալ է, բնական է։ Խնդիր չեմ տեսնում նաև, որ խմբակցության առանձին պատգամավորներ կամ հանձնաժողովը բովանդակային քննարկում է ունենում իր մասնագիտական գերատեսչության հետ։ Համարում եմ, որ սա առողջ երևույթ է։ Ինչ վերաբերում է առանձին պատգամավորների հետ կապված ասեկոսեներին, ապա դրանց հետ կապված հենց իրենք պետք է արձագանքեն»,-ասաց Լիլիթ Մակունցը։

Հարցին՝ բացառում է արդյոք, որ առաջիկայում մանդատը վայր դնողներ կլինեն, Լիլիթ Մակունցը նկատեց՝ բռնապետական համակարգում չենք, և ինքը որևէ կերպ որևէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված չի կարող ո՛չ որոշում կայացնել, ո՛չ կարծիք հայտնել.

«Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում կայացնում իր հիմնավորմամբ, հետևաբար անհարկի եմ համարում այդ հարցերը»,- նշեց խմբակցության ղեկավարը։

«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքին անդրադառնալով՝ Մակունցը նշեց, որ իր համար հանրահավաքի կազմակերպման համար բերած ընդդիմադիրների պատճառները անհիմն են և որևէ մտահոգություն չունեն։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությանը և ընդդիմության քննադատություններին՝ Մակունցը նշեց.

«Մարդիկ, որոնք տարիներ շարունակ չեն պատկերացրել, թե մեր պետությունն ինչպես կարող է ունենալ զարգացման ռազմավարություն, կարելի էր սպասել, որ այսպիսի արձագանք կտան»:

«Ա1+»-ի դիտարկմանը, թե ընդդիմության ներկայացուցիչներն ասում են՝ իշխանությունները նույնիսկ հեղափոխության ժամանակ արված խոստումները չեն կատարել, Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ հետևողականորեն աշխատում են իրենց բոլոր ծրագրերի և նպատակների ուղղությամբ.

«Կառավարության ծրագիրն ԱԺ-ում հաստատվել է, այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք։ Մնացյալը ժամանակը ցույց կտա՝ թե՛ մեզ հետ կապված, թե՛ ընդդիմության հետ կապված»,-ասաց Լիլիթ Մակունցը։