Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խմբակցությունում բոլոր հարցերի շուրջ միշտ բանավեճ ծավալվում է, բացառություն չի եղել ՍԴ դատավորների հարցը. Համազասպ Դանիելյան (տեսանյութ)

Ընտրողների տարիքի շեմի հետ կապված փոփոխությունը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի լիազորությունների շրջանակում է, քանի որ այդ տարիքը Սահմանադրությամբ է սահմանվում:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը` անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ հարցադրմանը.

«Մենք քննարկում ենք բոլոր այն բաղադրիչները, որոնք ուղղակիորեն կապված չեն սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքի հետ: Հետեւաբար խոսքն ընտրացուցակների, քարոզարշավի, հանձնաժողովների, ԱԺ ընտրակարգի մասին է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններին, Դանիելյանը վստահեցրեց՝ այս շաբաթ այդ փաթեթը կդրվի շրջանառության մեջ, կլինեն հանրային լսումներ, իսկ աշնանային նստաշրջանում այն կընդունվի:

Դանիելյանն անդրադարձավ նաև հրապարակումներին, թե անհամաձայնություն է ունեցել ՍԴ դատավորների ընտրության հետ, և խոսք է եղել ընդհուպ մանդատը վայր դնելու մասին.

««Իմ քայլը» այն խմբակցությունն է, որտեղ բոլոր հարցերի շուրջ միշտ բանավեճ ծավալվում է, բացառություն չի եղել ՍԴ դատավորների հարցը թե՛ սկզբունքների, թե՛ կոնկրետ թեկնածուների մակարդակում: Ինչ վերաբերում է մանդատը դնելու մասին, դա լրատվամիջոցի հորինվածքն է: Ես շատ պարզ, հստակ գիտեմ, թե որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կկանգնել այն հանձնառությունից, որը ստանձնել եմ: Այդ պահը չի եկել»:

Հարցին, թե այնուամենյանիվ ինչպիսի՞ դիրքորոշում ունի ՍԴ նոր դատավորների վերբերյալ, պատգամավորն արձագանքեց. «Այստեղ կարեւոր հանգամանքն այն է, որ ՀՀ-ում անորոշ ժամանակով հետաձգումը հղի էր լուրջ ռիսկերով: Պետք է հաշվի առնենք համատեքստը, իսկ համատեքստն այն է, որ ՍԴ կազմը պետք է համալրվեր եւ համալրվեր այն սկզբունքների համաձայն, որի մասին խոսել ենք գործընթացի սկզբից, այսինքն՝ ՍԴ դատավորները պետք է համապատասխանեն 2015-ի Սահմանադրության մոդելին, եւ մենք անորոշ ժամանակով չէինք կարող հետաձգել այդ հարցը»: