Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սասուն Միքայելյան
A A
Քաղաքականություն

Աշխարհազորը երբեք Երկրապահին չի խանգարի. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Եթե չլիներ Արցախյան ազատամարտը, մենք այսօր չէինք ունենա պետություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ ղեկավար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ շնորհավորելով Անկախության տոնը։

«Երկրապահը հարգված պետք է լինի ժողովրդի կողմից, եւ չի կարելի մի քանի հոգու արած գործով երկրապահը ջնջել: Երկրապահը պետք է պատրաստ լինի կանգնել Հայաստանի ու Արցախի բանակի կողքին՝ որպես ռեզերվ, կա, կլինի ու կմնա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է աշխարհազոր ստեղծելու գաղափարին և հարցին, թե եթե աշխարհազոր ստեղծվի, արդյո՞ք ԵԿՄ-ն կմղվի երկրորդ պլան, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ պատերազմում երկրորդ ու երրորդ պլան չկա.

«Կա պատերազմ, որին պետք է պատրաստ լինենք առաջին գծից մինչև պահեստազոր ու թիկունք: Պատերազմն ընդհանուր է հաղթվում, ընդհանուր են պատերազմում»:

Միքայելյանի խոսքով՝ աշխարհազորը երկրապահի հետ կապ չունի. աշխարհազորը պետք է լուրջ կառույց լինի:

«Երկրապահն աշխարհազորի հիման վրա է ստեղծվել՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Նա կարողացավ տարբեր կուսակցությունների բոլոր ջոկատները հավաքել, բերել այն գաղափարին, որ մենք պետք է կարողանանք հաղթել: Նրան հաջողվեց անել մի բան, ինչը չհաջողվեց առաջին հանրապետության ժամանակ»:

Միքայելյանը համոզմունք հայտնեց, որ աշխարհազորը երբեք երկրապահին չի խանգարի, իսկ Երկրապահը չի խանգարի աշխարհազորին:

«Ես կողմ եմ աշխարհազորի ձևավորմանը, բայց՝ մեծ քանակությամբ: Իսկ երկրապահը կա, որը առաջին իսկ հրահանգի դեպքում 8-10 հազար մարդ դուրս կգա: Սա պատրաստի կառույց է»: Միքայելյանը պնդեց՝ թող բոլորը մոռանան, որ երկրապահի անունը կփոխվի, քանի որ դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, ինչն անջնջելի է։ Սասուն Միքայելյանը անդրադարձավ նաև տարածաշրջանային քաղաքականությանը, նշեց, որ մենք պետք է ճիշտ քաղաքականություն վարենք, քանի որ մեր կռիվն այսօր ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ է։

Միքայելյանը հավելեց նաև, որ դրական է վերաբերվում օրենքի նախագծին, որի համաձայն՝ 27 տարին լրացած բոլոր այն քաղաքացիները, ովքեր խուսափել են ծառայությունից, կարող են գումար վճարել և այդ գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից.

«Նրանք երբեք Հայաստան եկողն էլ չեն, ավելի լավ չէ՞ էդ գումարը վերցվի, բանակին օգնություն տրվի կամ մի բան արվի բանակի համար, որովհետև նրանք չեն էլ գա Հայաստան։ Դա դասալքություն չէ, դա դասալիքներին հասկացնել ա, որ էս քո երկիրն ա։ Բա էդ մարդկանց հետ ի՞նչ անենք»։

Հարցին, թե մեր պետությունում կա՞ն օտարերկրյա գործակալներ՝ Միքայելյանն արձագանքեց. «Ոնց կարող ա չլինի, ուրիշ տեղեր էլ մեր գործակալներից կան, մտահոգիչ ա ամեն դեպքում, ազգային անվտանգության խնդիր կա»։