Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տնտեսվարողները չեն ուզում նոր վարկերի տակ ընկնել. Բողոքի ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)

Հագուստ եւ կոշիկ ներկրող տնտեսվարողները արդեն մի քանի օր է բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց՝  ԵԱՏՄ կարգավորումներով մաքսային նոր կանոնների  դեմ:

Նրանց խոսքով՝ իրենք ամիսներ շարունակ աշխատում են վնասով, իսկ մաքսային նոր թանկացումները, այն էլ համաճարակի ժամանակ իրենց վերջնական կկործանեն։

«Մենք եկել ենք, որպեսզի վարչապետի հետ հանդիպենք։ Մենք ուզում ենք քննարկել, ներկայացնել մեր տեսակետն ու այս հարցին որոշակի լուծում տալ։ Մենք պատրաստ ենք լսել իրեն՝ հիմնավորումներով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Տնտեսվարողները դեմ չեն հայտարարագրմանը, սակայն այս  պահին պատրաստ չեն թանկացումների։ «Մենք էլի պատրաստ ենք հարկ վճարել, բայց գոնե սպասեն այս համավարակը անցնի, աշխատենք, նոր։ Հիմա մենք գոյատևում ենք, չենք ապրում»,- նշում են նրանք։ Տնտեսվարողներից շատերի խոսքով՝ եթե իրենք պարտքեր ու վարկեր չունենային, կլքեին Հայաստանը․ «Հիմա էն վիճակն ա, որ չենք կարողանում սրա միջից դուրս գալ էն պատճառով, որ չունենք ուրիշ աշխատանք, որ պարտքերը փակենք»։

Ակցիա իրականացնողները պատրաստվում են մնալ կառավարության դիմաց այնքան ժամանակ, մինչև վարչապետն իրենց խնդրին լուծում կտա։ Հիշեցնենք, որ համաձայն մաքսազերծման նոր կարգի հաշիվ-ապրանքագրերում պետք է հստակ նշվի ապրանքների ստույգ քանակը, գները, անվանումները, ինչը ըստ տնտեսվարողների լրացուցիչ դժվարություններ ու ծախս է առաջացնելու, քանի որ որոշ դեպքերում մաքսազերծման գինն ավելանալու է մոտ 6 անգամ: