Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրոպայի լիգա. մրցաշարի «հայկական» թիմերը պարտվեցին և դուրս մնացին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան որակավորման 2-րդ փուլի հանդիպումները: 

Հայաստանի երկպագուներին առաջին հերթին հետաքրքրում էին այն թիմերի ելույթները, որտեղ հանդես են գալիս հայ ֆուտբոլիստներ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանի թիմը՝ Ալմաթիի «Կայրաթը», Իսրայելում 1:2 հաշվով պարտվեց Հայֆայի «Մաքաբիին» և դուրս մնաց մրցաշարից: Մեր ֆուտբոլիստը ողջ խաղին մնաց պահեստայինների նստարանին:

Մեր ընտրանու պաշտպան Անդրե Չալըշըրի թիմը՝ շվեդական «Գյոթեբորգը», սեփական դաշտում 1:2 հաշվով զիջեց դանիական «Կոպենհագենին»: Նա մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Հավաքականի հարձակվող Տիգրան Բերսեղյանի թիմը՝ ղազախական «Աստանան», իր հարկի տակ անսպասելի պարտվեց Չեռնոգորիայի «Բուդուչնոստին»՝ 0:1: Հայ ֆուտբոլիստը մասնակցեց ողջ խաղին և դեղին քարտ ստացավ:

Ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում էր նաև թոփ-5 երկրների ակումբների ելույթները: Լոնդոնի «Տոտենհեմը», որը գլխավորում է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, Պլովդիվում կամային հաղթանակ տարավ տեղի «Լոկոմոտիվի» նկատմամբ: Իսպանական «Գրանադան» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց ալբանական «Տեուտային»: Գերմանական «Վոլֆսբուրգը» նույնպես Ալբանիայիում չորս անպատասխան գոլ խփեց տեղի «Կուկեշիին»: Իտալական «Միլանը» խնդիրներ չունեցավ իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ արտագնա խաղում՝ 2:0: Ֆրանսիայի «Ռեյմսը» Շվեյցարիայում նվազագույն հաշվով հաղթեց «Սերվետին»:

Որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկետին» հաղթած մակեդոնական «Ռենովան» սեփական դաշտում զիջեց Խորվաթիայի «Հայդուկին»՝ 0:1: Իսկ ահա Գյումրիի «Շիրակին» պայքարից դուրս բերած ռումինական «Ստյաուան» հյուրընկալվելիս 11մ հարվածներով հաղթեց սերբական «Բաչկա-Տոպոլային»՝ 6:6, 11մ՝ 5:4:

Ամենամեծ անակնկալը գրանցվեց Թբիլիսիում, որտեղ տեղի «Լոկոմոտիվը» 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին», չնայած հանդիպումն անցավ ռուսական թիմի տարածքային և խաղային առավելությամբ:

Նշենք, որ այս փուլից հետո մի շարք երկրներ զրկվեցին իրենց բոլոր թիմերից: Դրանք են Ղազախստանը, Լյուքսեմբուրգը, Հյուսիսային Իռլանդիան, Ուելսը, Իսլանդիան և Ջիբլարթարը:

Որակավորման 3-րդ փուլը նախատեսված է սեպտեմբերի 24-ին: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այդ օրը սեփական դաշտում կընդունի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»: