Բացել լրահոսը Փակել լրահոսը

«Արարատ-Արմենիան» ֆանտաստիկ խաղում հաղթեց «Ֆոլային» և մտավ Եվրոպայի լիգայի 3-րդ փուլ

A A

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի խաղում սեփական դաշտում ընդունեց Լյուքսեմբուրգի Էշ քաղաքի «Ֆոլա» թիմին:

Հանդիպումն անցավ անչափ դիտարժան պայքարում: Խաղի 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո տանտերերի նորեկ Ջեյսոն Մարտինեսը մոտ տարածությունից բացեց հաշիվը: Երկու րոպե անց հյուրերը շատ արագ ետ բերեցին այդ գնդակը: Առաջին խաղակեսի վերջում «Արարատ-Արմենիան» մնաց 10 ֆուտբոլիստով, քանի որ Ալեքս Ժունիորը ձեռքով խաղի համար երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց դաշտից:

Ընդմիջումից հետո լյուքսեմբուրգցի ֆուտբոլիստները սկսեցին ավելի մեծ ուժերով գրոհել, որը շուտով արդյունք տվեց: 56-րդ րոպեին նրանք 11մ հարված վաստակեցին, որն վստահ իրացրեց Ստեֆանո Բենսին: Խաղավարտից ինը րոպե «Ֆոլայի» խաղացոներն օգտվելով մեր թիմի պաշտպանների սխալից, երրորդ գոլը խփեցին:

Թվում էր, որ «Արարատ-Արմենիան» այլևս շանսեր չունի փրկելու խաղը: Սակայն, մեր ֆուտբոլիստները խաղավերջում դրսևորեցին կամքային բարձր հատկություններ և ամբողջ թիմով նետվեցին առաջ: 90-րդ րոպեին նրանք 11 մ հարված վաստակեցին, որը դիպուկ իրացրեց Մաիլսոն Լիման: Այդ ժամանակ թիմերը կազմերը հավասարվեցին, քանի որ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց նաև «Ֆոլայի» պաշտպանը: «Արարատ-Արմենիան» շարունակեց բուռն գրոհել, և շուտով երկրորդ 11 մետրանոցի իրավունք նվաճեց: Մաիլսոն Լիման դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 3:3:

Լրացուցիչ ժամանակն արդեն անցավ մեր թիմի առավելությամբ: Առաջին 15 րոպեներին գոլ չգչանցվեց, իսկ ահա երկրորդ քառորդ ժամում «Արարատ-Արմենիային», այնուամենայնիվ, հաջողվեց գրավել դարպասը: 114-րդ րոպեին. բազմաքայլ կոմբինասիայից հետո հարձակվողներին միացած պաշտպան Վակուլենկոն գլխի հարվածով խփեց այս հանդիպման վճռորոշ գոլը:

Այդպիսով, «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում հաղթեց 4:3 հաշվով և մտավ հաջորդ՝ 3-րդ փուլ, որտեղ մեր թիմը սեփական դաշտում կընդունի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»: Այդ խաղը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին: