Բացել լրահոսը Փակել լրահոսը
119683814_239899887446020_1720271955967794282_n
A A
Հասարակություն

 Դդումներով  դեպի ԿԳՄՍՆ (տեսանյութ)

ԲՀԿ-ական երիտասարդները պաստառներով և դդումներով  բողոքի ակցիա էին պատրաստվում անել  ԿԳՄՍ նախարարության առջև։ Պահանջը մեկն էր՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ոստիկանները,  սակայն,  ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին դդումներով մոտենալ նախարարության շենքին։ Ակցիայի մասնակիցները, դդումները թողնելով այգու տարածքում, խոստացան ցույցի ավարտից հետո վերցնել դրանք։

Երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանի ներկայացմամբ իրենց մտահոգությունը մեկն է՝ իրենք թույլ չեն կարող տալ, որ նախարարը շարունակի իր ազգադավ քաղաքականությունը․

«Պարզ է, որ փորձելու է տողատակերով մեղավորությունը բարդել ուրիշների վրա՝ ասելով, որ սեռական դաստիարակության գիրքը  1998 թվականի է։ Եթե վարչապետը սատարում է մեկին, ով իր ներուժով հակահայ քաղաքականություն է վարում, որ երեխաները անցնեն սեռական դաստիարակության դասընթացներ, հայոց եկեղեցու պատմություն առարկան է հանում, ապա կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես աջակցում է այլասերմանը»։

Նա վստահ է, որ Արայիկ Հարությունյանի նման գործելաոճը չի կարող ինքնաբուխ լինել, դրան սատարում է ամբողջ իշխանությունը․

«Արայիկ Հարությունյանը առանց վերևների թույլտվության չի կարող նման բաներ անել, մեզ համար պարզ է, որ վարչապետի կողմից է այլասերումը հովանավորվում, մենք վարչապետի հրաժարականն էլ ենք պահանջում»։

ԲՀԿ երիտասարդների միությունը շարունակելու է իր պայքարը, մինչ նախարարի հրաժարականը։ Չնայած նրան, որ այս օրերին նախարարի հրաժարականի պահանջով բողոքներ են իրականացնում բազմաթիվ նախաձեռնություններ և քաղաքական ուժեր, այնուամենայնիվ ԲՀԿ-ական երիտասարդները  չեն շտապում միանալ նրանց․

«Կան քաղաքական ուժեր, որոնց հետ ընդունելի է համագործակցել, կան, որ ընդունելի չեն։ Այս պահին մենք բողոքում ենք միայն մեր երիտասարդների միությունով, հաջորդող քայլերի մասին կտեղեկացնենք»։

Ոստիկանության  պահանջով երիտասարդները դադարեցրին բողոքի ակցիան։