Բացել լրահոսը Փակել լրահոսը
119720614_2729321570723181_1513078987899121034_n
A A
Պաշտոնական

Հրազդանում սանիտարական աղբավայրը կկառուցի իրանական ընկերությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 17-ի նիստում որոշում է կայացրել՝ թույլատրել Իրանում գրանցված «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեություն:

 Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի շրջանակներում «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը շինարարության իրականացման թույլտվություն տալու անհրաժեշտությամբ:

 Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված համաձայնագրով Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում իրականացվում է կոշտ թափոնների կառավարման վարկային ծրագիր, որով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ:

 Ծրագրված է նաև Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում 2 փոխաբեռնման կայաններ կառուցել, ձեռք բերել թափոնների հավաքման բեռնատարներ, կոնտեյներներ (արկղեր), աղբավայրի շահագործման աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումներ և այլն:

 Վարկառուներ են ճանաչվել Կոտայքի եւ Գեղարքունիքի 12 քաղաքային համայնքները;

 Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 միլիոն եվրո է, որից 5,5 միլիոն եվրոն վարկային միջոց է, 5,5 միլիոնը՝ դրամաշնորհ: Երաշխավորը ՀՀ կառավարությունն է:
Վարկի մարման ժամկետը 15 տարի է և կսպասարկվի քաղաքային համայնքների կողմից:

 «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հաղթող մասնակիցը հնարավորություն կունենա իրականացնել ՀՀ-ի եւ ՎԶԵԲ-ի միջև կնքված միջազգային համաձայնագրով նախատեսված աշխատանքները՝ Հրազդան համայնքում տարածաշրջանում առաջին սանիտարական աղբավայրի և համապատասխան ենթակառուցվածքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Ակունք ու Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում փոխաբեռնման կայանների կառուցման աշխատանքները:

Կոտայքի մարզպետարան