Ձեւավորվեց օրվա քաղաքական իշխանության քիմքին հարիր Սահմանադրական դատարան. փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք լեգիտիմ Սահմանադրական դատարան, ցավոք սրտի, չունենք, ուզում է` 47 հոգի ընտրվեն որպես այդ դատարանի դատավոր»,-«Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար երեք դատավորների՝ ԱԺ-ի կողմից ընտրությանը։
Վարոսյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունները իրականացվեցին Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ և մեծ հարցական կախեցին Սահմանադրական դատարանի վրա․
«Մենք սրա հետևանքները դեռ ապագայում ենք զգալու, երբ ցանկացած անձ կարող է հարցականի տակ դնել Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում։ Ցանկացած հաջորդ իշխանություն, ինչ ուզի, այդ ՍԴ-ի հետ կարող է անել՝ նույն կերպ սահմանադրական փոփոխություններ անելով։ Մենք խախտեցինք սահմանադրական արդարադատության անընդհատության սկզբունքը և ձևավորեցինք օրվա քաղաքական իշխանության քիմքին հարիր Սահմանադրական դատարան»։
Վարոսյանը համարում է, որ այս պահին շատ էական չէ, թե ով ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր, միևնույն ժամանակ պնդում է․
«Այս ընտրությունն էլ է շատ բանի մասին խոսում, սա հերթական վկայությունն էր այն բանի, որ նախկիններ և ոչ նախկիններ բաժանումն էլ է արհեստական։ Իշխանությունը այդպես չի դիտարկում մարդկանց ու պաշտոնյաներին, այլ դիտարկումն է «իմ»-ն է, «իմ»-ը չէ սկզբունքով։ Դու կարող ես Խունդկարյան Երվանդի նման տարիներ շարունակ Վճռաբեկ դատարանը ղեկավարել, հասցնել նրան, որ հասարակությունը, այդ թվում նաև դատական համակարգից հիասթափված, դուրս գա փողոց և իշխանափոխություն իրականացնի, բայց հետո նոր եկած իշանությունը քեզ տանի ավելի պատասխանատու պաշտոնի միայն նրա համար, որ դու համապատասխանում ես «իմ»-ը սկզբունքին»։
Վարոսյանը հարց է բարձրացնում՝ ինչ-որ մեկը կարծում է, որ չկա՞ն պայմանավորվածություններ, և «Իմ քայլը» գնաց ընտրության ճանապարհով․
«Կային դատավորներ Սահմանադրական դատարանում, և նրանց հետ ակնհայտ չկար պայմանավորվածություն, և այդ փոփոխությունը արվեց նրա համար, որպեսզի այնտեղ լինեն մարդիկ՝ ըստ պայմանավորվածության»։