Ունեմ հիմքեր կասկածելու, որ ԲՀԿ-ի «ղազագրերին» համարժեք «ղազագրեր» ստորագրել են նաև «Իմ քայլը»-ականները․ Նինա Կարապետյանց
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում ավարտվեց Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրությունը։ Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանն ընտրվեցին ՍԴ դատավորի պաշտոնում։
Թեմայի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի հետ։
-Տիկի՛ն Կարապետյանց, ինչպե՞ս եք վերաբերում երեք թեկնածուների ընտրությանը։ Արդյո՞ք մենք ունենալու ենք վստահելի Սահմանադրական դատարան։
-Մենք նորից չենք ունենալու վստահելի Սահմանադրական դատարան, և փաստացի տեղի ունեցավ իշխանության փոխանցումը հանցավոր ռեժիմին, այսինքն՝ իմ խորին համոզմամբ, տեղի ունեցավ այն, որ կարևորագույն պաշտոններում մի մասը հեղափոխությունից հետո մնացին նույն անձինք, մյուս մասն էլ փոխանցվում է հանցավոր ռեժիմին։ Սա այն էր, ինչ կանխատեսում էին շատերը, ինչին մենք չէինք ուզում հավատալ։ Տեղի ունեցավ դավաճանություն, «Իմ քայլը» դավաճանեց հեղափոխությանը, այդ անձինք չէին կարող հայտնվել Սահմանադրական դատարանում։
-Հատկապես ո՞ւմ ընտրության հետ կապված մեծ վերապահում ունեք։
-Հատկապես Խունդկարյանի և Շաթիրյանի հետ կապված ունեմ վերապահումներ։ Խունդկարյանի թեկնածությունը քննարկելը և իր օգտին այսքան մեծ թվով պատգամավորների քվեարկությունը անհասկանալի էր, անտրամաբանական էր և որևէ արդարացում չունի։ Եթե գոնե լիներ ձայների դեմ և կողմ տարբերություն, հասկանալի կլիներ, բայց այս իրողությունը հանգեցնում է կասկածների՝ արդյո՞ք «Իմ քայլը»-ական պատգամավորները նույնպիսի «ղազագրեր» չեն ստորագրել, ինչպես հայտնի կուսակցություններից մեկը։
-Ի՞նչ «ղազագրերի» մասին եք ակնարկում, ի՞նչ դրդապատճառ պիտի ունենային «Իմքայլը»-ականները։
-Ես չունեմ այն հարցի պատասխանը, թե ինչ դրդապատճառ են ունեցել այսքան մեծ թվով հեղափոխական պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել, հետևաբար՝ ես ունեմ բոլոր հիմքերը կասկածելու, որ ԲՀԿ-ի «ղազագրերին» համարժեք «ղազագրեր» ունեն ստորագրած նաև «Իմ քայլը»-ականները, այլ բացատրություն ես չունեմ։ Այսօրվա քվեարկությունը եկավ ապացուցելու, որ հեղափոխությունը դավաճանված է բոլոր առումներով։
-Գուցե շտապողականությո՞ւն կար իշխանական խմբակցության պատգամավորների գործողություններում։
-Եթե մենք փոխարինելու էինք նախորդ հանցավոր ռեժիմին անձնվիրաբար ծառայածների մի խումբը մեկ ուրիշ խմբով, այս բոլոր գործողությունների իմաստը ինչո՞ւմն էր, հեղափոխության իմաստը ինչո՞ւմն էր։ Տեղի ունեցավ ուղղակի փոխարինում մեկ խումբ անձանց մեկ այլ խումբ անձանցով։ Սա շտապողականության հետ որևէ կապ չունի։ Այս դեպքում չկա ո՛չ արդարացում, ո՛չ հիմնավորում, ո՛չ բացատրություն։
Զրուցեց Հերմինե Ղարիբյանը