Բացել լրահոսը Փակել լրահոսը
70B899D9-F17A-437C-8960-6894581A00A8_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Ազատություն

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Հրայր Թովմասյանի դատավարությունը, հայտնում է «Ազատությունը»:

Մինչ դատական նիստը սկսելը, Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, ներկայումս դատավոր Հրայր Թովմասյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ աշխատանքի է գնում։

Այսօրվա դատական նիստին նրա փաստաբանները խնդրեցին հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, որ պատրաստվում են բացարկ հայտնել դատախազներին, քանի որ այս գործն, իրենց բնորոշմամբ, ապօրինի է։ Միևնույն ժամանակ, փաստաբան Միհրան Պողոսյանը նիստից հետո ասաց՝ հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պետք է գա դատարան և պատասխանի որոշ հարցերի։

«Ցանկանում ենք, որպեսզի գլխավոր դատախազը ներկա լինի այս պրոցեսին և պատասխանի, թե այս քրեական գործի ընթացքում որ գործողությունը ինչ նկատառումից ելնելով է իրականացվել: Մենք Հայաստանի պատմության մեջ չունենք նման բնույթի, այսինքն հստակ պահանջ, թե որ գործերով, այլ դեպքերում գլխավոր դատախազը կարող է դատախազական հսկողություն, մեղադրանքի պաշտպանություն իրականացնել, այսինքն իր նախընտրությամբ է անում, բացառությամբ հենց Սահմանադրական դատարանի դատավորի հետ կապված մեղադրանքի գործերով: Հիմա եթե այս քրեական գործով էլ գլխավոր դատախազը չի գալիս դատարան, ապա մեր մոտ հարց է առաջանում, թե ինչո՞վ է զբաղված գլխավոր դատախազն առհասարակ», - նշեց փաստաբանը:

Պողոսյանի պնդմամբ՝ հենց գլխավոր դատախազը պետք է ամիսներ առաջ անցկացված նախաքննության ժամանակ հսկողություն իրականացներ այս գործի նկատմամբ, քանի որ մեղադրյալներից Հրայր Թովմասյանը որպես ՍԴ նախագահ անձեռնմխելիությամբ էր օժտված, հետևաբար գլխավոր դատախազը պետք է դիմեր բարձր դատարան՝ համաձայնություն ստանալու քրեական հետապնդում սկսելու համար։

«Հաշվի առնելով, որ պարոն Թովմասյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ և նախագահ է ընտրվել 2005 թվականի գործող Սահմանադրության հիման վրա, վերջինս օժտված էր ամբողջական անձեռնմխելիության իրավունքով, գործընթացներ Գլխավոր դատախազության կողմից չեն իրականացվել՝ Սահմանադրությանն ինչ-որ մեկնաբանություն տալով», - ասաց Միհրան Պողոսյանը:

«Ազատության» հարցին, թե ներկայիս Սահմանադրությունում ի՞նչ է ասվում, փաստաբանը պատասխանեց. «Գործառութային անձեռնմխելիության հետ կապված է խնդիր առաջացնում, բայց ամեն դեպքում գլխավոր դատախազը նախորդ Սահմանադրության հետ կապված պետք է գործողություն իրականացներ»:

Փաստաբանները միևնույն ժամանակ ասում են՝ քանի որ գործն ապօրինի է, ապա առհասարակ որևէ դատախազ չի կարող պաշտպանել և հիմնավորել մեղադրանքը։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» պատասխանեցին, որ չնայած պաշտպանական պնդումներին, թե գործն ապօրինի է, մեղադրանքը հիմնավոր է և կան Թովմասյանի մեղադրանքը հաստատող բավարար ապացույցներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում