Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անդրանիկ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Կարեն Կարապետյանի վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Աշխարհազոր ստեղծելու առաջարկը իր մեջ շատ մեծ ռիսկ է պարունակում, և դրա քննարկումը լինելու է շատ բովանդակային։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինս անդրադարձավ նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ զեկույցին, ասաց՝ այն այս ամսվա ընթացքում ներկայացվելու է ԱԺ նախագահին, քանի որ գտնվում է վերջնական փուլում։

«Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի զոհվածների հարազատները ամբողջությամբ կարողանան ծանոթանալ զեկույցի ամբողջ մանրամասներին»։

Քոչարյանը նշեց, որ բոլոր փաստերը համադրելով, նաև այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի հետ զրույցից հետո՝ ակնկալել են ստանալ այն հարցի պատասխանը, թե զինվորները փամփուշտ, սննդամթերք ունեցել են, թե ոչ, պակաս ունեցել են, թե ոչ։

Լրագրողների դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Կարեն Կարապետյանը վրիպել է, Քոչարյանն արձագանքեց․

«Բա 2016-2018 թվականների ընթացքում Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն մի հատ Կարեն Կարապետյանին հարցնելու՝ տղա ջան, ինչո՞ւ ես վրիպել, վարչապետը վրիպելու իրավունք ունի՞, թե՞ ոչ։ Այդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա։ Ես ասել եմ՝ Ապրիլյան գործողությունների սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի ու սննդամթերքի պակաս չեն ունեցել, դա այն մինիմալն է, որ դրված է դիրքերում, բայց եկել է մի պահ, երբ շատ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ»։

Թե ինչո՞ւ է այդպես եղել, Քոչարյանը վստահեցրեց՝ տրվելու են բոլոր հարցերի պատասխանները։ Անդրանիկ Քոչարյանը պնդեց՝ Սերժ Սարգսյանի ասուլիսը ոչնչի մասին էր, քանի որ նա չի պատասխանել հիմնական հարցին՝ ինչո՞վ սկսվեց պատերազմը և ինչո՞վ ավարտվեց, ինչպե՞ս էր այդ օրերին կառավարվում բանակը։ Քոչարյանը նշեց, որ ներկայացվող զեկույցում էլի խորանալու տեղ կար, և ինքը կցանկանար, որ մի փոքր ավելի շատ ժամանակ լիներ՝ ուսումնասիրելու և հարցերի մեջ խորանալու։