Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեւան1
A A
Պաշտոնական

Ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից. Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)

Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները շարունակվում են, Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների» 2020 թվականի տարեկան ծրագրի՝ Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառաշերտի մաքրման աշխատանքները։

Ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից:

➡️Մաքրման ենթակա տարածք է մինչեւ 1901,5 մ նիշն ընկած առափնյա գոտին, որի մի մասն արդեն անցել է ջրի տակ, մի մասն էլ՝ ճահճի վերածվել։

➡️ Ծառերի և թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից ուղղված է Սևանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանը։

➡️Հիշեցնեմ, որ նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 140 հեկտար անտառածածկ տարածք։

➡️Այս տարի նախատեսվել է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ։

Այս պահին ամբողջությամբ մաքրված է շուրջ 50 հեկտար։

Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել լճի անխոչընդոտ առողջացումը։

  Տեսանյութն արված է «Սևան» Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, Ծովակ համայնքի վարչական սահմանում»: