Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց էստոնացիների դեմ խաղում (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իսպանացի գլխավոր մարզիչ Խուակին Կապառոսի ղեկավարությամբ այսօր առաջին հաղթանակը տարավ ՈՒԵՖԱ-ի 2020-21թթ Ազգերի լիգայի խաղարկությունում:

Երկրորդ տուրի խաղում մեր թիմը սեփական դաշտում ընդունեց Էստոնիայի ընտրանուն, որն առաջին տուրում 0:1 հաշվով պարտվել էր Վրաստանին սեփական դաշտում: Առաջին խաղակեսն հիմնականում անցավ հավասար պայքարում: Թիմերը երկար ժամանակ անգամ չէին կարողանում դիպուկ հարված կատարել դարպասներին: Թվում էր, որ կողմերն ընդմիջման կգնան առանց գոլ խփելու: Սակայն, 44-րդ րոպեին Ռուսաստանում հանդես եկող մեր ֆուտբոլիստները՝ Արշակ Կորյանն ու Ալեքսանդր Կարապետյանը, կենտրոնով սուր գրոհ ձեռնարկեցին և վերջինս կիսաշրջադարձ հարվածով գրավեց հյուրերի դարպասը՝ 1:0:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին էստոնացիները, որոնք փորձում էին ճեղքվածքներ գտնել մեր թիմի պաշտպանությունում և դուրս գալ հարվածային դիրք: Մեկ անգամ դա նրանց հաջողվեց, երբ 71-րդ րոպեին Ռաումո Սապինենը մեն-մենակ հայտնվեց մեր դարպասապահ Դավիթ Յուչենկոյի դեմ, սակայն նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց:

Մինչ այդ մերոնք արդեն երկրորդ գոլն էին խփել: 64-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Վահան Բիչախչյանը, և հենց առաջին իսկ դրվագում դարպասը գրավելու լավ հնարավորություն ստացավ, բայց նրա հարվածները նախ ետ մղեց էստոնացիների դարպասապահը, ապա՝ պաշտպանը: Սակայն, գնդակը հայտնվեց Ալեքսանդր Կարապետյանի մոտ, որն այն փոխանցեց գրոհին միացած Անգուլոյին: Վերջինս մոտ 25 մ հեռավորությունից հուժկու հարվածեց, գնդակը սուրաց մրցակցի դարպասի ներքևի աջ անկյունը, դիպավ դարպասաձողին և հայտնվեց ցանցում:

Ավաղ, այդ գոլից հետո մեր թիմը թուլացրեց խաղի տեմպը և էստոնացիները տիրեցին նախաձեռնությանը: Բարեբախտաբար, մրցակցի ֆուտբոլիստներին չհաջողվեց գոլ խփել, քանի որ նրանց հարվածները կամ շեղ էին, կամ էլ թույլ, որոնց հեշտությամբ ետ էր մղում Դավիթ Յուրչենկոն:

Այդպիսով, Հայաստանի հավաքականից պահանջվեց ուղիղ մեկ տարի, կրկին հաղթանակ տոնելու համար: Վերջին անգամ մերոնք հաղթանակի բերկրանք ապրել էին անցած տարվա սեպտեմբերի 8-ին, երբ Եվրո-2020-ի ընտրական խաղում Հենրիխ Մխիթարյանի դուբլի հաշվին 4:2 հաշվով կարողացան պարտության մատնել Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին: Այդ օրը մերոնք կհյուընկալեն Վրաստանի ընտրանուն, որն այսօր սեփական դաշտում ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, վաստակել է 4 միավոր և հենց մակեդոնացիների հետ գլխավորում է աղյուսակը: Մերոնք 3 միավորով առայժմ զբաղեցնում են 3-րդ տեղը: