Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Հասարակ ՀՀ քաղաքացիներ ենք, ովքեր ցանկանում են ազատ տեղաշարժ». բողոքի ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)

Կառավարության մոտ արդեն տևական ժամանակ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Նրանք պնդում են, որ այստեղ աշխատանք չունեն: Բացի այդ՝ նշում են, որ շատերն իրենց ընտանիքներին թողել են այնտեղ։

Քաղաքացիները պահանջում են հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետի հետ։ Մեր դիտարկմանը, թե Կառավարությունից հորդորում են մնալ մեր երկրում, հիմնվել և աշխատել այստեղ, հավաքված քաղաքացիներից Արթուր Ոսկանյանն արձագանքեց, թե չեն կարող ապրել 100-120 հազար դրամ աշխատավարձով։ Համապատասխան պայմանների դեպքում պատրաստ են մնալ և շարունակել ապրել այստեղ։

Հավաքվածներից մի կին նշեց՝ ուզում է գնալ, ամուսնուն և տղային տեսնել, քանի որ տևական ժամանակ չի տեսել։

Արթուր Ոսկանյանի խոսքով՝ իրենց մոտ 3000 քաղաքացի է դիմել, ովքեր այս պահին սպասում են սահմանների բացվելուն։ Նրանց համար որեւէ տարբերություն չկա՝ ցամաքային, թե օդային սահմանով կմեկնեն: 

«Մենք հասարակ ՀՀ քաղաքացիներ ենք, ովքեր ցանկանում են ազատ տեղաշարժ»,- նշեց Ոսկանյանը։

Քաղաքացիները կառավարության մոտ են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարով և գրություններով, թե պահանջում են բանակցել Ռուսաստանի հետ։