«Իրականությունը «խաղաղ ցուցարարների» ու «բնապահպանների» մասին». «Լիդիան Արմենիայի» հայտարարությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լիդիան Արմենիայի» հայտարարությունը.
«Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։ Խմբավորման անդամները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։
Կից տեսանյութը հաղորդում է հանցագործության մասին։
Բոլոր նրանք, ովքեր այս հանցավոր խմբավորմանը ներկայացնում են որպես «խաղաղ ցուցարարներ», առիթ ունեն համոզվելու, որ քարերով սեփական համայնքի բնակիչների վրա հարձակվող փոքրաթիվ խմբավորումը չի ներկայացնում համայնքը, և ամենայն հավանականությամբ ոչ սթափ վիճակում գտնվելով, իրականացնում է հանցավոր քայլեր` սպառնալով մարդկանց կյանքին ու առողջությանը։
«Լիդիանի» պահնորդական ծառայությունը պաշտպանել է տարածքը օրենքի շրջանակներում իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և այսուհետ նույնպես օրենքի սահմաններում հակազդելու է ցանկացած ոտնձգությանը։
Նույն տեսանյութում կարող եք տեսնել` ինչպես են իրենց «բնապահպան» ներկայացնող անձինք տանջում տարածքում ապրող շներին։ Այս խմբավորմանը որպես «հերոսներ» ու «բնապահաններ» ներկայացնողների խղճին ենք թողնում իրենց ստեղծած կերպարների պահվածքը։
Ոստիկանությունից պահանջում ենք իրավական գնահատական տալ տեղի ունեցածին և ևս մեկ անգամ կոչ ենք անում ապահովել համայնքների բնակիչների անվտանգությունը։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ երկամյա անպատժելիությունից հղփացած այս խմբավորումն այլևս ընդունակ է ցանկացած հանցագործության։ Ժամանակն է վերջ տալ ապօրինությանը և վերակագնել օրենքն Ամուլսարի շրջակայքում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը հայտնել էր, որ հարձակվել և ծեծի են ենթարկել Ամուլսարի պաշտպաններին: