Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մարտի 1
A A
Հասարակություն

Քաղաքապետարանը  կտա՞ հավանություն  Մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձանին

2008 թ մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման հարցը ընդգրկված է Երեւանի ավագանու սեպտեմբերի 8-ին կայանալիք նիստում։ 

 Ավագանին պետք է հավանություն տա կամ մերժի Երեւան քաղաքի Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում  տեղադրվելիք հուշարձանին։

Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման համար Կառավարությունը Երեւան համայնքին հատկացրել է  երկու մլն դրամ։ 

Բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»: Արձանի հեղինակն է 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը:

Ըստ հեղինակի՝ քանդակը մի կողմից՝ զորեղ, ծավալուն և լուսավոր ուժի, մյուս կողմից մութ, ավելի բիրտ ուժի հակադրության մասին է:

 Նշենք, որ քանդակը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից։

 Ավագանու  նիստի մեկ այլ նախագծով էլ նախատեսվում է տալ համաձայնություն Իսրայելյան հ.37 շենքի հարեւանությամբ հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելուն

  Երեւանի քաղաքապետին դիմած  Իսրայելյան 37 շենքի բնակիչները հույս ունեն, որ այդ կերպ  վառ կմնա հայ ականավոր գործիչների հիշատակը:

 

 Ի դեպ, գրության մեջ  նշվել է, որ հուշակոթողի տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը կհոգան արվեստի գործիչների հարազատները: Հուշակոթողի տեղադրման համար նաև դիմել են Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը եւ Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը։

Հուշակոթողի վրա կլինի 26 մշակութային գործիչների,  այդ թվում Սոս Սարգսյանի, Արա Շիրազի, Ալբերտ Յավուրյանի, Ֆրունզե Մկրտչյանի, Վանուշ Խանամիրյանի,  Վաղարշակ Էլիբեկյանի Ելենա Արարատովայի,  Սվետլանա  Գրիգորյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Մելինե Համամջյանի,  Էդուարդ Ղազարյանի անունները։

 Ի դեպ, ավագանու նիստում ընդգրկված է Սերգեյ Ներսեսյանին Երեւանի քաղաքապետի տեղակալ նշանակելու հարցը։