Այժմ մեր հավաքականը պետք է ավելի շատ թիմային խաղ ցուցադրի․ Խոակին Կապառոս
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը վաղը Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք Ազգերի լիգայի խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Մենք մեծ ոգևորությամբ ենք մոտեցել այս մրցաշարին։ Հավաքականում կան վետերաններ, ինչպես նաև նորեկներ, ովքեր խանադավառությամբ են սպասում խաղին և ցանկանում են բարձր արդյունքի հասնել։ Մակեդոնիայի հավաքականը լավ թիմ է, խաղակցված։ Մեկ շաբաթում աշխարհում շատ բան է փոխվում, էլ ուր մնաց երկու տարում։ Ես չեմ ուզում անդրադառնալ թիմերի նախորդ խաղերին։
Մեր թիմում երիտասարդ ֆուտբոլիստներ կան, ովքեր ապացուցելու շատ բան ունեն: Հնարավոր չէ իսպանական ֆուտբոլի ոճն ամբողջովին փոխանցել Հայաստանի հավաքականին, քանի որ խաղացողները տարբեր են։ Բայց ես աշխատել եմ բարձրակարգ թիմերում եւ կփորձեմ իմ փորձով օգտակար լինել Հայաստանի հավաքականին։ Կարծում եմ՝ վաղը հավաքականն արժանի խաղ կցուցադրի։
Բնականաբար, երբ առաջատար ֆուտբոլիստը բացակայում է, դա ազդում է թիմի խաղի վրա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի նման բարձրակարգ ֆուտբոլիստին։ Այժմ մեր հավաքականը պետք է ավելի շատ թիմային խաղ ցուցադրի և կենտրոնանա իր որակների վրա», - ասել է Խոակին Կապառոսը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարում կմեկնարկի սեպտեմբերի 5-ին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով: Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։