Բացել լրահոսը Փակել լրահոսը
Topchyan-Eduard
A A
Մշակույթ

«Պետք է հասկանալ և հիշել, որ ֆիլհարմոնիկի տեղը համերգասրահն է». Էդուարդ Թոփչյան

 «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքում սեպտեմբերի 7-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Տավուշի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում կներկայացնեն դասական երաժշտության համերգ։ 

«Երևանյան հեռանկարներ»-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ռոստոմյանի խոսքով` աշխարհի ամենահզոր ներուժը մշակույթն է, այսպես ասած, «փափուկ» դիվանագիտությունը մշակույթի միջոցով,  որը հասկանալի է բոլոր լեզուներով, և այս միջոցառումը ևս խաղաղության կոչ է։ 

«Ասում են, չկա չարիք, առանց բարիք։ Կորոնավիրուսի դրականն էլ բացօթյա ձևաչափն է, որ հուսով եմ, հետագայում էլ կպահպանվի»,- ասաց պարոն Ռոստոմյանը:

Բացօթյա նման միջոցառում կազմակերպելը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով, բավական ծախսատար է, սակայն անկախ համաճարակից, սա նոր պատկերացում է, թե ինչպես կարող է զարգանալ մշակույթը։ «Տարիներ շարունակ խոսում ենք մշակույթի ապակենտրոնացման մասին։ Սա մեր բարոյական պարտքն է, և վստահ եմ, որ մեր ստեղծագործ խմբերը ևս հոգեպես հարստացած են վերադառնում մարզերից»։ 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը խորհրդանշական է համարում, որ փառատոնային միջոցառումների շարքը բացում են «Երևանյան հեռանկարների» հետ, քանի որ արդյունավետ համագործակցելու արդեն տարիների փորձ ունեն։ Ինչ վերաբերում է բացօթյա համերգներին, ապա պարոն Թոփչյանը միանշանակ կողմ է որակյալ երաժշտությունը մարզերին հասանելի դարձնելու նման նախաձեռնություններին, սակայն «պետք է հասկանալ և հիշել, որ ֆիլհարմոնիկի տեղը համերգասրահն է»,- ասաց նա։ 

Պարոն Խզմալյանն անդրադարձավ նաև մշակույթի ոլորտում պարետատան կողմից սպասվող առաջիկա մեղմացումներին, որի վերաբերյալ պատրաստվում է առաջարկություն անել պարետին։