A
A
Վիճաբանություն՝ հակագազով ցուցմունք կորզելու գործով դատական նիստին
Աջակցիր «Ա1+»-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց հակագազով ցուցմունք կորզելու գործը։ Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2008 թ Արաբկիրի ոստիկանության բաժնում։ Գործով ամբաստանյալները Վաչագան Ներսիսյանն ու Նարեկ Սիմոնյանն են։
Դատական նիստի հենց սկզբում պաշտպան Լուսինե Ասլանյանը միջնորդեց դատական նիստը չտեսանկարահանել։ Նա նշեց, որ առաջիկայում միջնորդելու են դատական նիստերը դռնփակ անցկացնել։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը սա դիտարկեց որպես լրագրողի գործունեությունը խոչընդոտելու փաստ։ Պաշտպանական կողմից ռեպլիկ հնչեցվեց, ինչից հետո փոքրիկ վիճաբանություն եղավ։
Այնուամենայնիվ, դատավոր Վարդան Գրիգորյանը թույլատրեց տեսանկարահանել դատական նիստը, սակայն առանց պաշտպանական կողմի։
Դատավորը ճշտեց դատավարության մասնակիցների ինքնությունը։ Այսօրվա դատական նիստին տուժող Արմեն Մարտիրոսյանը չէր բերվել դատարան։ Նա Արմավիր ՔԿՀ-ի կալանավոր է։ Դատավոր Վարդան Գրիգորյանը պարզաբանեց, որ փոփոխություն է կատարվել դատապարտյալներին դատարան բերելու կարգում, այդ իսկ պատճառով տուժողը ներկա չէ։
Պաշտպանական կողմն էլ նշեց, որ բազմաթիվ միջնորդություններ ունեն ներկայացնելու, ուստի դատական նիստը հետաձգվեց։
Նիստից հետո տուժողի բարեկամուհի Մերի Գրիգորյանը հույս հայտնեց, եթե հեղափոխություն է եղել, արդարությունը կհաղթանակի։ Նա նշեց' Արմեն Մարտիրոսյանը դեպքի մասին բարձրաձայնել է այն ժամանակ, երբ տեսանյութը հայտնվել է համացանցում։
"Այնպես են ծեծել, որ հետքեր չմնան", - ասաց Մերի Գրիգորյանը։
Ըստ նրա՝ 2008 թ Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկել գողության փորձի համար եւ խոշտանգելով կորզել ցանկալի ցուցմունքը։ Արմեն Մարտիրոսյանի ճնշումը այդ բռնությունից հետո բարձրացել է։ Բժշկական փաստաթղթերով էլ է ապացուցվում, որ առողջական խնդիրներն առաջացել են ծեծից հետո։