Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՌԴ մեկնել ցանկացողներն ակցիա են անում Ազգային ժողովի դիմաց

Ազգային ժողովի մոտ այս պահին հավաքվել են ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն։

Նրանք պնդում են՝ ցանկանում են վերադառնալ իրենց ընտանիքների մոտ, քանի որ այստեղ ապրելու պայմաններ չունեն։

«Կարելի՞ է ընտանիքներ բաժանել կորոնավիրուսի պատճառով»,-հայտարարեց հավաքված քաղաքացիներից մեկը, ով նշեց՝ մոտ տասը տարի ապրել է Ռուսաստանում, այնտեղ ունի աշխատանք, ընտանիք, մինչդեռ այստեղ դժվարանում է նույնիսկ աշխատանք գտնել։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ այստեղ ապրում է եղբոր ընտանիքի հետ, որովհետև տուն վարձելու հնարավորություն չունի։

Քաղաքացիների հետ հանդիպման իջավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Վերջինս նշեց՝ մեր կողմից սահմանները բացելու մասին այս պահին խոսակցություն չկա․

«Հիմա արտակարգ դրությունը երբ հանվի, Հայաստանում, ըստ նոր քննարկվող օրենքի, պետք է հայտարարվի կարանտին, մեր մտավախությունն այն է, որ հնարավոր է՝ այս կարանտինի ուղերձը լինի ավելի խիստ ու անհասկանալի, և սահմանները շարունակաբար չբացվեն»,- ասաց նա։

Մարուքյանի խոսքով՝ թեև մեզ մոտ սահմանափակումները ավելի մեղմ են լինելու, այնուամենայնիվ՝ դա դժվար կլինի բացատրել միջազգային գործընկերներին։ ԼՀԿ խմբակցության ղեկավարը հավելեց՝ սահմանվող ռեժիմը չպետք է հայտարարվի ամբողջ երկրով։

Ընդդիմադիր ուժի ղեկավարը հավելեց նաև՝ իրենց առաջարկների մեծ մասը չի ընդունվել։

Ակցիայի մասնակիցները շարունակում են մնալ ԱԺ-ի մոտ՝ հայտնելով իրենց դժգոհութունը։