Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի. դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց Սարգսյանի բացակայության պատճառով։

Դատական նիստին ներկայացել էին բոլոր մեղադրյալները և պաշտպանները՝ բացի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ Սարգսյանը ունի առողջական խնդիրներ, մասնավորապես՝ սուր շնչառական խնդիրներ և ներկայացրեց փաստաթուղթ բժշկական հաստատությունից։

Նշենք, որ դատական նիստերը հետաձգվում են տևական ժամանակ, քանի որ  Սերժ Սարգսյանը նիստերին չի ներկայանում։

Դատարանը այս անգամ՝ ի տարբերություն նախորդ դատական նիստի, Սարգսյանի չներկայանալը հարգելի համարեց, հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին, ժամը 15։00ին։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։