Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess erevan
A A
Սպորտ

Առաջին անգամ կանցկացվի շախմատի «Երևանի գավաթ»-ի խաղարկություն

Սեպտեմբերի 5-ից մինչև 21-ը առաջին անգամ կանցկացվի շախմատի «Երևանի գավաթ»-ի խաղարկություն: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
  
Մասնակցել կարող են սկսնակից մինչև գրոսմայստեր: Մրցանակային հիմնադրամը կազմում է 1 800 000 ՀՀ դրամ: Հաղթողը կպարգևատրվի գավաթով: Դրամական պարգևատրումներ կստանան առաջին 24 տեղերը գրաված շախմատիստները:
 
Ինչպես նշում է աղբյուրը, մրցաշարում իրենց մասնակցությունը հաստատել են գրոսմայստերներ Մարտիրոսյան Հայկը, Սարգսյան Շանթը, Անդրիասյան Զավենը, Հայրապետյան Հովիկը, Պետրոսյան Մանուէլը, Հովհաննիսյան Ռոբերտը, Դանիելյան Էլինան և կանանց գրոսմայստեր՝ Սարգսյան Աննան։
 
Շախմատի «Երևանի գավաթ»-ի առաջին խաղարկությունը կանցկացվի չորս փուլով: Առաջինը փուլը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 18։00-20։00-ն lichess.org շախմատային հարթակում: Մասնակցելու իրավունք ունեն ԵՇՖ թիմի անդամները, ում միջազգային վարկանիշն այդ օրվա դրությամբ 2100-ից ցածր է։ Մրցաշարի արդյունքներով լավագույն 50-ին իրավունք կտրվի մասնակցելու երկրորդ փուլին։ 
 
Այն կկայան սեպտեմբերի 15-ին, ժամը 18։00-ից, նույն lichess.org շախմատային հարթակում՝ շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մասնակցելու իրավունք ունեն ԵՇՖ թիմի անդամները, ում միջազգային վարկանիշն այդ օրվա դրությամբ 2100-ից 2299-ի միջակայքում է, ինչպես նաև նախորդ փուլում 1-ից 50-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները։ Մրցաշարի արդյունքներով լավագույններին իրավունք կտրվի մասնակցելու կիսաեզրափակիչ փուլին։
 
Այն տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 15։00-ից, Երևանի շախմատի ֆեդերացիայում: Կանցկացվի շվեյցարական մրցակարգ՝ 7 տուր, ժամակարգը՝ 10+5: 
Մասնակիցների քանակը՝ 38։ Մրցաշարի արդյունքներով եզրափակիչ փուլ
կանցնեն լավագույն 10 մասնակիցները։ 
 
Երևանի գավաթի 1-ին խաղարկության եզրափակիչը կանցկացվի 2 օրում։ Սեպտեմբերի 17-ին, ժամը 15։00-ին, այն կանցկացվի Երևանի շախմատի ֆեդերացիայում՝ 24
շախմատիստների մասնակցությամբ. 10-ը կընտրվեն կիսաեզրափակչից, 10-ը՝ վարկանիշով, 2 լավագույն շախմատիստուհիները և 2-ը կազմակերպչի ցանկությամբ։ Մրցաշարը կանցկացվի օլիմպիական մրցակարգով. պարտվողները դուրս կմնան
հետագա մրցապայքարից։
 
Եզրափակիչ երկրորդ օրը նախատեսված է սեպտեմբերի 21-ին: Ժամը 15։00-ից տեղի կունենան Երևանի գավաթի խաղարկության վերջին զույգերի հանդիպումները։ Ութ լավագույն մասնակիցները հաղթողի կոչման համար կպայքարեն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը։ Մրցաշարը կշարունակվի օլիմպիական մրցակարգով։