Բացել լրահոսը Փակել լրահոսը
fhj
A A
Հասարակություն

Հայաստանում  մորից երեխային ՄԻԱՎ –ի փոխանցման աննախադեպ թվով դեպքեր են գրանցվել (տեսանյութ)

2020 թվականի առաջին վեց ամիսներին գրանցվել է մինչև 4 տարեկան երեխաների ՄԻԱՎ-ով վարակման 7 դեպք։

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը դեպքերի նման թիվը համարում է «աննախադեպ».

«Փորձում ենք հասկանալ ոնց է փոխանցվել, որովհետև չի կարող տարիներ շարունակ գրանցվել 2-3 դեպք, կես տարվա ընթացքում՝ 7։ Նման ցուցանիշ չի եղել նախորդ 5 տարիների ընթացքում»։

Ընդհանուր առմամբ՝ մինչև օգոստոսի 31-ը գրանցվել է ՄԻԱՎ վարակի 4039 դեպք, որից 2801-ը տղամարդկանց, 1238-ը կանանց մոտ։ Յոթ ամիսների ընթացքում մահվան դեպքերը 35-ն են.

«Այս տարի իրականացվել է վաթսուն հազար հետազոտություն, որը մոտ է նախորդ տարիներին արված հետազոտությունների թվին։ Տենդենցը դեպի նվազում կամ ավելացում դժվար է ասել։ Սակայն փաստ է, որ վարակի դեպքերի 70 տոկոսը կապված են միգրացիայի՝ մասնավորապես Ռուսաստան մեկնող արտագնա աշխատողների հետ»։

Հովհաննես Մադոյանը  նշում է՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս պահին դիտարկում է դեռևս 2018 թվականին ախտորոշված դեպքերը։ Վերջնական եզրակացության մեջ կնշվեն բացթողումներն ու նկատառումները, որ երկիրը ինչ-որ բան ճիշտ չի արել։

Հավելենք, որ կառավարության որոշմամբ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը միավորվել է Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի հետ՝ ձևավորելով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Հովհաննես Մադոյանի ներկայացմամբ՝ ձևավորվել է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որի մեջ մտնում է ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների  բուժումը, այլև հիվանդությունների վերացման ուղղությամբ հետազոտությունների, միջոցառումների իրականացումը.

«Այս պահին Նորքի մասնաշենքերը ամբողջությամբ սպասարկում են կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին։ Օրը  ընդունում-դուրս է գրվում 30 հոգի, մշտական պացիենտները 70-80-նն են»։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը քաղաքացիներին հորդորում է չհավատալ այն լուրին, թե Հայաստանում վերացրել են ՁԻԱՎ-ի կենտրոնն ու դեղորայք ստացող քաղաքացիները չեն կարող այլևս դեղեր ստանալ։