Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 3-ը սեպտեմբերի․ Ռոբերտ Քոչարյանն անձամբ է ընդունում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ցույցի դուրս եկած լրագրողների մի մասին (տեսանյութ)

1997-ի սեպտեմբերի 3-ին կառավարությունը սահմանում է նիստերից հետո լրագրողների հետ հանդիպելու կարգ՝ առաջինը էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանն է։ Նա տեղեկացնում է, որ Մոսկվայում կնքվել է «Հայռուսգազարդ» Փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։ Այն զբաղվելու է Հայաստանում գազատար խողովակների նորոգմամբ եւ նորերի կառուցմամբ։

Նույն օրը անկախ հեռուստաընկերությունները դժգոհ են «Հեռուստատեսության եւ ռադիոյի» օրենքի նախագծից ։ Եթե այն ընդունվի այս տեսքով, Հայաստանում անկախ հեռուստաընկերություն չի մնա,-ասում է Արմավիրի մասնավոր հեռուստաընկերության ղեկավարը։ Օրինագիծը պահանջում է, որ եթերում հնչող երաժշտության 50 տոկոսը լինի հայկական։ Այս օրենքի նախատիպը ղազախական օրենքն է, որտեղ այն ընդունելուց հետո գրեթե բոլոր անկախ հեռուստաընկերությունները փակվել են։

1998-ի այս օրերին Արմավիրի շրջանի զարթոնք գյուղում մոլեգնում է անհայտ բնույթի աղիքային վարակ։ Նախնական վարկածով պատճառը ջուրը։ Ոստիկանությունը շրջափակել է գյուղը, ներս չեն թողնում նույնիսկ հերթափոխի եկած մանկական բժշկուհուն։ Թումանյանագետ Լուսյա Կարապետյանն ուզում է գիտությունը փրկել տգիտությունից։

1998-ի սեպտեմբերի 3-ին նա պահանջում է, որ Թումանյանի տուն թանգարանում աշխատեն միայն թումանյանագետներ։ Սակայն այս հավաքի առիթը բողոքն է մի հրապարակման դեմ, որտեղ գրված է, որ Երեւանում Թումանյանը եղել է միայն մեկ անգամ, բայց նրա համար հուշարձան են կառուցել։

Հայաստանում է Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը։ 1999-ի այս օրը նա այցելում է Պետական համալսարանի դասախոսներին եւ հայտարարում, որ ղարաբաղյան կոնֆլիկտում Ռուսաստանը ձգտում է այնպիսի լուծման, որը հաշվի կառնի Լեռնային ղարաբաղի բնակչության օրինական իրավունքները:

1999-ի այս օրը «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը հրաժարվել է տպագրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարը։ Օրաթերթը տպարանին պարտք չունի, ուստի պարոն Մարկոսյանն իր արարքը պատճառաբանել է նրանով, որ տպարանը թուղթ չունի։ «Թուղթ տվեք, տպագրեմ»,-թերթին այսպես է դիմել նա։

Մի խումբ լրագրողներ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մոտ նույն օրը համր ցույց են կազմակերպել։ Առիթը դատարանի այսօրվա որոշումն է ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի, որը մի հրապարակման մեջ մարդուն որպես չուգուն որակելու առիթով դատապարտվեց մեկ տարի ազատազրկման: Այծը անձամբ էր ներկայացել իր տեսակը որպես որակում կիրառող Նիկոլ Փաշինյանի դեմ կայացված դատավճռի դեմ բողոքի ցույցին։ Փաշինյանը խմբագրություն ներկայացած հարկադիր կատարողին կոպիտ վարքի համար անվանել էր կազյոլ։ Ոստիկանները դեպքի վայրից անհայտ ուղղությամբ բերման ենթարկեցին նաեւ այծին։

Ռոբերտ Քոչարյանն անձամբ է ընդունում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ցույցի դուրս եկած լրագրողների մի մասին, որպեսզի հասկանա, թե ինչու՞ են Փաշինյանի դեմ կայացված դատավճռի համար լրագրողները դիմում իրեն։ Լրագրողները Քոչարյանին տեղյակ են պահում, որ Սահմանադրությամբ ինքը ազատ խոսքի երաշխավորն է։ Նախագահը հակադարձում է, որ ինքը նաեւ անկախ դատական համակարգի երաշխավորն է եւ Փաշինյանի դատավճռի հետ կապ չունի։

2001-ի այս օրերին հայտնի է դառնում, որ Ռուսաստանին ունեցող Հայաստանի պարտքի դիմաց ռուսներին կհանձնվի ոչ միայն Մարս գործարանը, այլեւ Մերգելյանի անվան ինստիտուտն ու գործարանը։ Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։

Վրաստանն առայժմ չի վճարելու իր արտաքին պարտքը Հայաստանին, որը մոտ 20 միլիոն դոլար է։ Այդ պարտքն առաջացել է էներգակիրների մատակարարումից եւ այնուհետեւ ձեւակերպվել որպես վարկ։ Ինչ-որ բան սակայն վրացիները կվճարեն:

«2008թ. նախագահի ընտրությունները ընթանալու են երկու փուլով: Երկրորդ փուլում մնալու ենք ես եւ Սերժ Սարգսյանը, եթե նա առաջադրի իր թեկնածությունը»,- 2007-ի սեպտեմբերի 3-ին հայտարարում է Արամ Կարապետյանը։ Նա չի կասկածում, որ հաղթելու է Սերժ Սարգսյանին: Հարցին, թե դու՞ք եք լինելու մեր հաջորդ նախագահը, «Նոր Ժամանակների» առաջնորդը փորձում է մարգարեանալ. «Դուք ասացիք»:

2009-ի սեպտեմբերի 3-ին Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում քվեարկությունը կազմակերպել ոչ թե փամփուշտներով, այլ քվեաթերթիկներով։ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը չի էլ կասկածում, որ մեր մոտ ընտրություններին չեն կրակում: Նույն օրը Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պարզաբանում է, թե հայ-թուրքական երկխոսություն նախաձեռնելու համար ինչու է պահանջում ոչ թե դրա հեղինակ Սերժ Սարգսյանի , այլեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: