Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՌԴ-ից Հայաստան հնարավոր է վերադառնալ միայն օդային ճանապարհով. Աննա Նաղդալյան (տեսանյութ)

ՀՀ կառավարության՝ «արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշմամբ պահպանվել է միայն ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների ելքի և օտարերկրացիների մուտքի արգելքը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝  ընդգծելով  մեր քաղաքացիների համար օդային սահմանով ելքի և մուտքի արգելքներ այս պահին չեն գործում:

«Իսկ ՀՀ տարածքից դուրս մեկնելու պարագայում սահմանափակումներն արդեն կապված են տվյալ երկրում կորոնավիրուսով պայմանավորված ներդրված սահմանափակումներից կամ այդ երկիր մեկնող անձի կարգավիճակից։ Այդ պայմանները բավականին հաճախ փոփոխվում են, անընդհատ թարմացվում և կախված են թե՛ Հայաստանում, թե՛ տվյալ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի փոփոխությունից»,- ասաց նա:

ԱԳՆ խոսնակը անդրադարձավ նաեւ Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հարցին՝  հղում կատարելով ՌԴ կառավարության 2020թ մարտի 16-ի Կարգադրությանը, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների շրջանակներում կարող են  այցելել Ռուսաստանի Դաշնություն։

Դրանք են, ի թիվս ՌԴ քաղաքացիների, վերջիններիս ընտանիքի անդամները, խնամակալները և հոգաբարձուները՝ վավեր անձը հաստատող և հարազատության աստիճանը վկայող փաստաթղթերի ներկայացման դեպքում, բուժման նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները՝ կրկին անձը հաստատող փաստաթղթի և Ռուսաստանում բուժհիմնարկի կողմից համապատասխան հրավերի առկայության դեպքում, ինչպես նաև Ռուսաստանում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները։

Աննա Նաղդալյանը  հայտնեց, որ  ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներ տանել ինչպես ՀՀ-ՌԴ միջև կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։ 

Այս պահի դրությամբ որևէ հստակ ժամկետներ նա չի  կարող հայտնել։ 

ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներն էլ դեռ  ցամաքային ճանապարհով  չեն կարող վերադառնալ ՀՀ։

Վրաստանում դեռևս շարունակում է ուժի մեջ մնալ օտարերկրացիների մուտքը արգելող որոշումը։ «Մեր քաղաքացիներին պարզապես հորդորում ենք օգտվել Ռուսաստանից Հայաստան կանոնավոր հաճախականությամբ իրականացվող չվերթներից, իսկ իրենց մեքենաները տեղափոխել դրա համար նախատեսված հատուկ ծառայության միջոցով»,- հիշեցրեց  ԱԳՆ խոսնակը։

Եթե ուզում եք մեկնել Չինաստան

 ՀՀ քաղաքացիները  Չինաստան  կարող են մեկնել, եթե ունեն 3 օր առաջ արված՝ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք: Թեստը պետք է արվի Հայաստանում Չինաստանի դեսպանության կողմից նշված բուժհաստատություններում և լաբորատորիաներում: Նաև մեր քաղաքացիները պետք է իրենց մոտ ունենան Չինաստանի դեսպանության կողմից տրված առողջական կարգավիճակի մասին հայտագիր: 

Հունիսի 1-ից կրկին ուժի մեջ է Հայաստանի և Չինաստանի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը , որը  վերաբերում է մինչև 90 օր Չինաստան այցելել ցանկացող մեր քաղաքացիներին։

90 օրից ավելի Չինաստանում մնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները, ինչպես՝ ուսման, բուժման և կեցության նպատակներով Չինաստան մեկնող մեր քաղաքացիները պետք է նախապես դիմեն դեսպանատուն և ստանան համապատասխան մուտքի արտոնագիր։