Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Հայաստանցի զբոսաշրջիկին գաթան չի՞ հետաքրքրում

Խոր Վիրապին հարակից հատվածում՝ Փոքր Վեդիիի բնակիչներ Հովհաննես Սողոմոնյանն ու Հարություն Բարսեղյանը  մեկ տարի առաջ հիմնել են իրենց փոքրիկ բիզնեսը՝  տեղում  գյուղի բարիքները վաճառելու, ինչպես նաեւ հայկական խոհանոցին զբոսաշրջիկներին ծանոթացնելու  նպատակով։

Տղաների գործին սկզբում գյուղում թերահավատորեն են մոտեցել, ասել են, որ միևնույն է՝ չի աշխատի, բայց Հովհաննեսի խոսքով՝ իրենք ուշադրություն չեն դարձրել ։

«Մեր առաջ ամենափոքր նպատակն ենք դրել ու շարժվել ենք առաջ։ Սկզբում նախատեսում էինք օրը գոնե 5000 դրամի վաճառք ունենալ, բայց ամեն օր գերազանցում էինք ու սկսում տեսականին մեծացնել»,- պատմում է Հովհաննեսը։

Տղաները սկզբում միայն գաթա են վաճառել, որն իրենց ընկերոջ մայրն է թխել, իսկ հետո, երբ պահանջարկը մեծացել է, սկսել են տեսականին ավելացնել։

 «Երբ արդեն սկսեցին հետաքրքրվել զբոսաշրջիկները, սկսեցինք վաճառել նաև մեր գյուղում պատրաստված գինին, օղին  ու բնական չրերը։ Նաև տեղում լավաշ ենք թխում թոնդրի մեջ, ցանկության դեպքում էլ՝ հայկական խորոված»,-ասում է նա։

Տղաները ոգեւորությունը , սական, շատ երկար չի տվել.  համավարակով պայմանավորված շարժն անցյալ տարվա կտրուկ նվազել է։

 Նրանք պատմում են, որ անցյալ տարի գրեթե ամբողջ աշխարհից հյուրեր են ունեցել, ովքեր շատ  ոգևորված ու հետաքրքրված են եղել, իսկ այս տարի, այցելուներ քիչ ունեն.  նրանց խոսքով՝  հայաստանցի զբոսաշրջիկներին  չի հետաքրքրում  գյուղական բարիքը։

Այս ամենը նրանց չի ընկճում, փորձում են ժամանակն ու իրավիճակն ի օգուտ բիզնեսի օգտագործել։

Հովհաննեսի խոսքով՝ եթե անցյալ տարի  չրերը գնում էին գյուղի չրանոցից ու վերավաճառում, ապա այս տարի գնում են միրգն ու իրենք տեղում պատրաստում բնական չրեր։

Ասում են՝ անգամ տարածքն են  վարձակալության  տալիս՝ բացօթյա խնջույքների համար՝ մինչեւ նորից օտարերկյա զբոսաշրջիկները կգան Հայաստան։