Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Պաշտոնական

Նախատեսված են ստուգումներ շուրջ 200 տնտեսվարողի մոտ

ՀՀ կառավարությունը հաստատել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստուգումների իրականացման ևս մի քանի ստուգաթերթ։Դրանց հիմքով կընդլայնվի տեսչական մարմնի ստուգումների շրջանակն ու կավելանա ստուգումների թիվը։

ԱԱՏՄ այս տարվա ծրագրով նախատեսված են ստուգումներ շուրջ 200 տնտեսվարողի մոտ։ Դրանք արդեն սկսվել են։

Ստուգումներն իրականացվում են տեսչականի վերահսկողության 4 հիմնական ոլորտում՝ դեղերի շրջանառության, բուժսպասարկման, հիգիենիկ եւ սանիտարահիգիենիկ վերահսկողության, ինչպես նաև աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ՝ ռիսկի վրա հիմնված։ Ռիսկերը գնահատվել են նախապես հաստատված մեթոդաբանության համաձայն։

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ որոշների, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր իրավասությունների շրջանակում մինչ այս վերահսկողությունն իրականացրել է վարչական վարույթների միջոցով։ Մինչդեռ օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններն ամբողջապես իրականացնելու համար անհրաժեշտ էր կառավարության կողմից հաստատել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի պահանջից բխող ստուգաթերթերը՝ նույն օրենքով սահմանված կարգով պլանային և ոչ պլանային ստուգումներ իրականացնելու նպատակով։

Ըստ այդմ՝ փուլ առ փուլ հաստատվում են գործող իրավակարգավորումներին համապատասխան մշակված ստուգաթերթերը։ Դրանք տնտեսավարող սուբյեկտների մոտ անցել են նախնական փորձարկում եւ քննարկում, որոնց ընթացքում արձանագրվել և հաշվի են առնվել վերջիններիս դիտողություններն ու առաջարկությունները, ինչի արդյունքում ստուգաթերթերում ներառվել են ոլորտի առավել ռիսկային հարցերը։

Ստուգաթերթերի հաստատմամբ ԱԱՏՄ-ն, որպես ստուգում իրականացնող կառույց, օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններն ամբողջապես եւ պատշաճ իրականացնելու հնարավորություն է ստանում։

Այս ստուգաթերթերի հատատմամբ ուժը կորցրած են ճանաչվել ռիսկի վրա հիմնված ստուգումների նախկին ստուգաթերթերը՝ հաշվի առնելով, որ առողջապահության նախարարության աշխատակազմում այլևս չի գործում առողջապահական պետական տեսչություն։ Փոխարենը, այդ կառույցը վերակազմակերպվել և գործում է որպես ՀՀ կառավարությանը ենթակա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։