Մեր գաղափարն ավելին է, քան որևէ կուսակցականություն. Գևորգ Դանիելյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանյայց Առաքելական Եկեղեցու, ընտանիքի և մանկության պաշտպանության հետ կապված հարաբերությունները առաջարկվում է ամրագրել համապատասխան օրենքով։
Հեղինակը «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունն է, որը սկսում է օրենքի նախագիծը կազմելու, հանրային քննարկում կազմակերպելու և ստորագրահավաքի միջոցով իրավասու մարմիններին ներկայացնելու գործընթաց:
«Ազգային արժեքները պետք է պաշտպանվեն օրենքով, սա իրավական հիմքերի առնչությամբ չպետք է որևէ մեկի մոտ անակնկալի առիթ տա»,- նշում է նախաձեռնության անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը։
Ըստ նրա՝ նախաձեռնությունը միտված է ազգային անվտանգության, ներքին և արտաքին խնդիրների լուծման, ազգային արժեհամակարգի պահպանմանը.
«Որևէ քաղաքական շահերի սպասարկում փնտրել անիմաստ է, այն արժեքները, որոնց համար մենք պայքարում ենք սահմանադրաիրավական արժեք ունեն։ Մեր գաղափարը ավելին է, քան որևէ կուսակցականություն»։
Հոգեբան Կարինե Նալչաջյանը նախաձեռնությանը միանալը բացատրում է խորին անհանգստությամբ.
«Ինչ որ խորքային փոփոխություններ կատարելու միտումներ կան եկեղեցու, ընտանիքի, մանկության արժեքերի հետ կապված։ Եթե քայլեր չձեռնարկենք հիմա, կարող ենք շատ լուրջ խնդիրների առաջ կանգնել հետո»։
Ասում է՝ շատ է հնչում, որ պետք է համախմբվել, բայց ինչի շուրջ, չի ասվում.
«Պետք է իրականություն դարձնենք ազգային համախմբումը։ Եվ առաջին հերթին չպետք է թողնենք, որ մեր երեխաներին զրկեն ազգի ներկայացուցիչ լինելու իրենց իրավունքից»։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստում է՝ նախաձեռնության առջև ծառացող խնդիրները լավ գիտեն․ «Մեր նախաձեռնությունը թիրախավորվելու է և թիրախում է լինելու ոչ թե գաղափարը, այլ մարդիկ, բայց մենք դրան էլ ենք պատրաստ։ Նախաձեռնությունը ամբողջովին ազատ է, պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, բաց ենք բոլորի համար»։
Նախաձեռնության գործունեության կազմակերպչական և տեխնիկական հարցերով աջակցությունն իրականացնելու է «Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը։
Իսկ նախաձեռնության համակարգող խմբում են՝ իրավաբան Գևորգ Դանիելյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը, հոգեբան Կարինե Նալչաջյանը, պատմաբան Ռուբեն Մելքոնյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։