Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ռուբեն Հախվերդյանն էլ հանդես կգա բացօթյա համերգով «Ֆրեսկո»-ի շրջանակում (տեսանյութ)

 

Օգոստոսի 28-ից մեկնարկում է «Ֆրեսկո» փառատոնի համերգային շրջանը՝

Հայաստանի Պարի պետական անսամբլի մեկնարկով։ Հաջորդ օրը կկայանա Ռուբեն Հախվերդյանի հոբելյանական համերգը՝ նվիրված 70 ամյակին, իսկ ամսի 30-ին՝ Ջիվան Գասպարյանի համերգը։    Բոլոր համերգները կլինեն  Սայաթ-Նովա- Աբովյան փողոցների խաչմերուկում՝  Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարևանությամբ։


Մինչև սեպտեմբերի մեկը ամեն օր կկազմակերպվեն միջազգային ֆիմերի դիտում-քննարկումներ, որոնց մուտքն ազատ է:

Փառատոնի պաշտոնական բացումը եղել է օգոստոսի 22-ին՝ Բերդ քաղաքում:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը նշեց, որ Բերդ քաղաքի ընտրությունը պատահական չի եղել. «Ամբողջ հայության և մեր փառատոնի հյուրերի սիրտն այսօր Տավուշում է, և մենք ցանկացանք մեր ոգին, մշակութային կյանքը փոխանցել տավուշեցիներին»:

Կազմակերպիչների և մարզպետի շնորհիվ բացման արարողությանը ներկա են գտնվել նաև սահմանամերձ գյուղերի բնակիչները:

Փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն նշում է, որ այս տարվա համար մեծ ծրագրեր ունեին՝ ընդհուպ մինչև ռեժիսորներ Զանուսիի և Կուստուրիցայի հյուրընկալում, սակայն կորոնավիրուսային համաճարակային իրավիճակը խոչընդոտ է հանդիսացել: Այնուամենայնիվ, մնացած բոլոր նախագծերը կազմակերպել են, նրա գնահատմամբ,  ամենաբարձր մակարդակով:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և  ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը նշեցին՝  այս փառատոնն ապացուցում է, որ ճիշտ աշխարհիկ և հոգևոր աշխարհընկալումները չեն հակասում իրար, այլ լրացնում են:

Նշենք, որ փառատոնն անցկացվում է արդեն 7 տարի: Այս տարի ներկայացվել է ավելի քան 3000 հայտ 85 երկրից, որոնցից ընտրվել է 63 ֆիլմ: Մրցութային ծրագրում ընգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձն է մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի Կլոր հիմնադրամի աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ: