Այս գործելակերպին ե՞րբ է վերջ տրվելու․Կառավարության նիստում վարչապետը բարկացավ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության այսօրվա նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգություն հայտնեց, որ Կառավարություն ներկայացված՝ արտակարգ իրավիճակին առնչվող օրենքների փաթեթը ՄԻՊ-ին ուղարկվել է ընդամենը մեկ օր առաջ, և իրենց գրասենյակն ընդամենը մեկ օր է ունեցել առաջարկներ ներկայացնելու համար:
Այնուամենայնիվ Արման Թաթոյանը նախագիծը սպասված համարեց և ընդգծեց, որ արտակարգ դրության ողջ ընթացքում խնդիրներ են առաջանում ոչ միայն մարդկանց համար, այլեւ պետական մարմիններն են խնդրի առջեւ կանգնում եւ դառնում են այդ կարգավորումների իրավական զոհը:
Մարդու իրավունքների պաշտպանի հայտնած մտահոգությանը, թե նախագիծը ուշ է ուղարկվել, անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ տրվելու, երբ կառավարության նիստում հնչում է, որ նախագիծը չի ուղարկվել կարծիքի, երեկ իրիկունն է ուղարկվել կարծիքի: Սա ինչքա՞ն է շարունակվելու»:
Ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Վարչապետի աշխատակազմը կարծիքի ուղարկելու եւ շրջանառելու գործառույթ չունի: Նախարարությունը, այն գերատեսչությունը, որ նախաձեռնում է տվյալ նախագիծը, պարտավոր է ուղարկել եւ շրջանառել, մինչեւ վարչապետի աշխատակազմ ուղարկելը: Այնուամենայնիվ, ուզում եմ տեղեկացնել, որ նախարարական կոմիտեի օրակարգը ուղարկվում է բոլորին, բաց է, եւ այդ տեղեկատվությունը հասանելի է բոլոր գերատեսչություններին»:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հերթին նշեց, որ չի ուղարկվել կարծիքի, որովհետեւ մինչեւ վերջին պահը պարզ չի եղել, որ իրենց նախարարությունը պետք է զեկուցող լինի. «Նախագծի վրա հրատապ ռեժիմով աշխատել ենք առողջապահության նախարարության հետ, վերջում միայն իմացել ենք, որ այս հարցով զեկուցող ենք լինելու»:
Հրատապ ռեժիմի ձևակերպմանն ի պատասխան՝ վարչապետը նկատեց․
«Հունիսից մինչեւ այսօր աշխատել եք հրատապ ռեժիմո՞վ: Կգնաք, կքննարկեք, մինչեւ ստորագրման բերելը: Մինչեւ բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, գրավոր ինձ չծանուցեք, որ բոլորի հետ քննարկվել է, բոլոր առաջարկները քննարկվել են, ստորագրման չբերեք»: