Բացել լրահոսը Փակել լրահոսը
118516847_3079815745405112_3393078621292887925_n
A A
Հասարակություն

«Մենք Արամ Խաչատրյան անձի դեմ ոչինչ չունենք». Իսկ ի՞նչ է ասում Խաչատրյանը

Փոքր Վեդիի  երաժշտական դպրոցի մանկավարժներն ու աշակերտների ծնողները   շարունակում են բողոքի ակցիաները։

Նրանք համաձայն չեն երաժշտական դպրոցի նոր տնօրենի նշանակման հետ։

Նախկին տնօրեն Գայանե Խլղաթյանը աշխատանքից ազատվել է աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով։ Նա 1 տարվա ընթացքում 2 նկատողություն է ստացել։

Երաժշտական դպրոցի տնօրեն է նշանակվել Արամ Խաչատրյանը, ով չունի տվյալ ոլորտում մասնագիտական կրթություն։ Նա համայնքապետարանի հաշվապահն է եղել, նաև աշխատել է գյուղի դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։

Երաժշտական դպրոցի վոկալի ուսուցչուհի Օֆելյա Համբարձումյանի խոսքով՝ իրենց բողոքն անձի դեմ չէ։

«Մեզ համար կարևորն այն է, որ կառույցը ղեկավարի արվեստի բնագավառի ներկայացուցիչ։ Մենք Արամ Խաչատրյան անձի դեմ ոչինչ չունենք, անգամ վստահ ենք, որ կարող է կազմակերպչական առումով լավ աշխատել, սակայն երբ մարդը չունի կրթություն երաժշտական բնագավառում, նա չի կարող ղեկավարել այս դպրոցը, այն էլ այն դեպքում, երբ դպրոցը չունի ուսումնական մասով մասնագետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Օֆելյա Համբարձումյանը, ով նաև Փոքր Վեդի համայնքի Մշակույթի տան տնօրենն է։

Նախկինում, երբ տնօրենի փոփոխման խնդիր է եղել, համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը հրավիրել է երաժշտական դպրոցի ուսուցչական կազմին ու առաջարկել ինքնաառաջադրվել։

Սակայն, ըստ աշխատակիցների,  այս անգամ  նա նույն կերպ չի վարվել, անգամ թափուր աշխատատեղի համար մրցույթ չի հայտարարել։

 Համայնքապետ  Նորիկ Մարտիրոսյանն ասում է՝   չի կանչել ուսուցիչներին նորից քննարկելու, որովհետև նշանակման անհրաժեշտությունը շտապ է եղել և ինքը որևէ խնդիր չի տեսնում.

«Այս անձնավորությանը ժամանակավոր եմ  նշանակել, միգուցե մի ամիս հետո հինը հետ ա գալիս, իրա իրավունքները վերականգնում ա»,- ասում է Փոքր Վեդու համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը։

Նշենք նաև, որ  նախկին տնօրեն Գայանե Խլղաթյանը բողոքարկել է և դիմել դատարան։

Ուսուցիչները այս հարցով դիմել են նաև Արարատի մարզպետարան, որտեղ նրանց հորդորել են հարցը լուծել համայնքապետի հետ։ Վերջինս էլ բացասական պատասխան է տվել ուսուցիչներին։

Մենք զրուցեցինք նաև նորանշանակ տնօրեն Արամ Խաչատրյանի հետ, ում խոսքով այս ամենի պատճառն այն է, որ ինքը սկզբունքային և օրինապահ է, իսկ այս հիմնարկում շատ աշխատողներ աշխատել են արտոնյալ պայմաններով.

 «Հավաքարարի, պահակի կամ հաշվապահի համար ի՞նչ տարբերություն, նրանք ինչի՞ չեն ներկայանում աշխատանքի, չէ որ հաշվապահի աշխատանքից է կախված շատ բան, կամ հավաքարարը, մենք պետք է ախտահանենք տարածքը, սակայն նա ևս չի ներկայանում»,- նշում է նա։

Արամ Խաչատրյանի խոսքով՝ ինքը պատրաստ է քննարկումների, սակայն ուսուցիչների կողմից պատասխան չի ստացել. «Քանի որ մասնագետ չեմ այդ ոլորտում, առաջարկել եմ ձևավորել մեթոդական միավորում, որը կազմված կլինի մասնագետներից, հանրակրթական դպրոցում ո՞նց է, հո տնօրենը 20 առարկայի չի՞ տիրապետում, բայց ուսուցիչների կողմից դեռ պատասխան չեմ ստացել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Փոքր Վեդի համայնքի երաժշտական դպրոցի նորանշանակ տնօրեն Արամ Խաչատրյանը։

Գյուղում մթնոլորտը շարունակում է լարված մնալ։ Ուսուցիչները պահանջում են տնօրենի, ով կունենա մասնագիտական կրթություն, նորանշանակ տնօրենն էլ զիջումների գնալ չի պատրաստվում, ասում է, որ կշարունակի մնալ պաշտոնում այնքան ժամանակ, մինչև կավարտվի դատական գործը կամ նոր մրցույթ կհայտարարվի։