Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+messi
A A
Սպորտ

«Բարսելոնան» հաստատել է Լիոնել Մեսիի թիմից հեռանալու փաստը

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հաստատել է այն լուրը, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է հեռանալ ակումբից:

Ինչպես հայտնում է Football Espana կայքը, արգենտինացի ֆուտբոլիստը ակումբի ղեկավարությանն առաջարկել է իրեն տրանսֆերի հանել: Ըստ աղբյուրի, Լիոնել Մեսին ցանկանում է օգտվել պայմանագրի այն կետից, ըստ որի նա մրցաշրջանի ավարտից հետո իրավունք ունի միակողմանի խզել պայմանագիրը: Իսպանական ակումբը փորձում է համոզել թիմի ավագին ևս մեկ տարի մնալ ակումբում, առավել ևս, որ 2021 թվականին ավարտվում է նրա հետ կնքած պայմանագրի ժամկետը:

Ինչպես տեղեկացնում է նույն աղբյուրը, արգենտինացի հարձակվողով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին», ֆրանսիական «ՊՍժ»-ն և իտալական «Ինտերը»:

Անցած մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 44 խաղ, որոնց ընթացքում խփել է 31 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում:

 

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին «Բարսելոնայի» ֆուտբոլի դպրոցի սանն է և մինչ այսօր հանդես է եկել միմիայն կատալոնյան ակումբում: