Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Վահագն Չախալյանը և «Կամք»-ի մյուս անդամները ԿԳՄՍՆ-ի մոտից բերման ենթարկեցին (տեսանյութ)

«Արայիկ հեռացի՛ր», «Ազգիս, կրոնիս, պատվիս չդիպչես, Արայի՛կ» վանկարկումներով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով այսօր կրկին նախարարության մոտ էին հավաքվել «Կամք» նախաձեռնության անդամները։

Վերջիններս նշեցին՝ օգոստոսի 28-ին պատրաստվում են մեծ հանրահավաք իրականացնել, մինչ այդ իրազեկման ակցիաները շարունակական են լինելու։ Նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն հայտարարեց, թե Արայիկ Հարությունյանի հրաժարականին այլընտրանք չեն տեսնում

«Արայիկ Հարությունյանը պետք է հասկանա, որ հայրենիքը ուրանալ, հայրենիքը մոռանալ չի կարելի։ Սիրելի հայրենակիցներ, կոչ ենք անում, որպեսզի թաղ-թաղ, փողոց առ փողոց ոտքի կանգնեք։ Թույլ մի՛ տվեք , որպեսզի պղծեն մեր դպրոցները։ Սիրելի չարբախցիներ, Էրեբունցիներ, մասիվցիներ, դավթաշենցիներ, ավանցիներ, թույլ մի տվեք, որպեսզի դպրոցներում մանկապղծություն մտցնեն»։

Նախարարության մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները ակցիայի մասնակիցներից մի քանիսին տուգանեցին դիմակ չդնելու համար, ինչը բարկացրեց նախաձեռնության անդամներին,  և նրանք համատարած հանեցին դիմակները՝ ոստիկանությանը հորդորելով տուգանել նաև իրենց

«Դիմակս հանում եմ, որ օգնեմ մեկ անգամ ավել ստրկական կերպով ծառայել ռեժիմին»,-հայտարարեց Վահագն Չախալյանը։

Իրավիճակը սրվեց այն աստիճան, որ նախ ոստիկանները բերման ենթարկեցին «Կամք» նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանին, ինչին ակցիայի մյուս մասնակիցները դիմադրեցին։

 Ոստիկանները բերման ենթարկեցին նաև նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանին և դիմադրություն ցույց տված մյուս անդամներին։

Ակցիայի մյուս մասնակիցները շարունակեցին ավտոերթը  Երևանի փողոցներով՝ իրազեկելով մարդկանց իրենց նպատակների մասին։

Հիշեցնեք՝ ավտոերթ իրականցվել էր նաև երեկ։