Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր Հասարակություն

Գերմանացի կոշկակարի հայ աշակերտը

 Վարպետ Արկադիի  արհեստանոց  մտնելուց առաջ  ամեն  ոք  ակամա կարդում է Մոնթե Մելքոնյանի խոսքերը.«Եթե կորցնենք Արցախը,կփակենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»: Այն գրված է արհեստանոցի  պատին։  Հրազդան քաղաքի՝ Միկրոշրջան թաղամասում արդեն  30 տարի է    վարպետ  Արկադի Պետրոսյանը   կոշիկներ է նորոգում։ 

Առաջին օրվա պես հիշում է՝ ինչպես  դարձավ գերմանացի կոշկակարի աշակերտ։   Արցախի Ճարտար գյուղի  16-ամյա տղային ծնողներն ուղարկում են Սումգայիթ՝ հորեղբոր մոտ, որն էլ նրան «աշակերտելու է  տալիս» ազգությամբ գերմանացի կոշկակարի մոտ։

«Շատ լավ ուստա էր…   Դե, գերմանացիք լավ ուստա են:Ուրիշները սովորել են ութ ամիս,ես սովորել եմ մի տարի, որովհետև   գերմանացին ինձ շատ զգույշ ու լավ սովորեցնում էր,սա էսպես,սա էնպես...ասում էր՝ պետք չի շատ շուտ ուստա դառնաս: Մի տարին լրանալուց հետո գնացել ու քննություն եմ տվել,երրորդ աստիճանի կոշկակար...ինձ տվել են մի արհեստանոց Սումգայիթում,ու սկսել եմ աշխատել  1956 թվականից ու մինչև  օրս էլ աշխատում եմ կոշկակար»,- պատմում է Արկադի Պետրոսյանը, որը ադրբեջանական ջարդերից հետո է հաստատվել Հրազդանում։

Հերթական կոշիկը  ձեռքն առնելով՝   80-ամյա վարպետն ասում է՝  տանը նստել չի սիրում, որքան էլ թոռները համոզում են․  «Եթե նստեցի տանը, ուրեմն հիվանդ եմ: Ես ուզում եմ աշխատեմ,ուզում եմ իմ ընտանիքին ինչ-որ մի բանով օգտակար լինեմ, իմ թոռնիկներին,իմ երեխոնցս օգնեմ»:    

Միշտ էլ աշխատել է, ասում  է, հինգերորդ դասարանից՝ հայրենի գյուղի կոլտնտեսությունում, երբ ընտանիքին պետք էր աշխատող ձեռք՝  Հայրենական մեծ պատերազմում  հոր զոհվելուց  հետո։ Հպարտանում է՝ ձեռքից ամեն ինչից գալիս է՝  տուն կարող է կառուցել՝  առաջին քարից մինչեւ տանիք, բայց կոշկակարությունը շատ է սիրում։

«Ռեմոնտի գործը շատ ինծիրեսնի ա...ես նորն էլ եմ կարում,հինն էլ եմ  նորոգում։ Իմ կարած կոշիկը 4-5 տարի հագնում են: Ես չեմ ձանձրանում, ես սիրում եմ իմ արհեստը»,-ասում է նա։

Այս տարիների ընթացքում՝ ում կոշիկն ասես՝  վարպետը չի նորոգել, ասում է՝ ամենաքմահաճը, բնականաբար, կանայք են․  «Հենա տղամարդկանց  կոշիկի  տակը խփում ես,ռեմոնտ ես անում,ինչ-որ բանով յոլլա ես տանում, գոհ գնում է։ Իսկ կանայք․․․բերել են՝ կրունկները պիտի սարքվի,պիտի վերանորոգես,ամեն ինչը տեղը տեղին պիտի անես...»։   Ասում է՝   երբեք  հաճախորդին չի նեղացնում, անգամ գնի հարցում կզիջի, եթե  տեսնում է՝  գումար չունի ու սակարկում է, թե մի քիչ էժան չի՞  լինի։

Վստահեցնում է ՝ թանկ գնված հումքով կոշիկը էժան էլ կտա,միայն չնեղացնի  հաճախորդին:

«Հումքը գնում  ենք Մալաթիայի կոշիկի բազարից: Մի քիչ էժան, մի քիչ թանկ,նայած էլի...Իմ ճանաչած մարդկանցից եմ վերցնում էդ ապրանքը,որ որակով լինի»,-  պատմում է նա։

Արտակարգ դրության խիստ սահմանափակումներով պայմանավորված շաբաթներ շարունակ  արհեստանոցը չի բացել։  « Ճիշտն ասած , էրկու կոպեկ հետ էի գցել  ամենավատ օրվա  համար, էդ ընթացքում էդ էլ ենք օգտագործել, բա ինչ անեի...»,- անկեղծանում է 80-ամյա պապը։  Հիմա էլ  գործը քիչ  է՝ օրը  500-1000 դրամ եթե աշխատում է, ուրախանում է։

Կինը մի քանի տարի առաջ է մահացել․ երկու որդի ունի, որոնց փոխանցել է իր արհեստը, հպարտանում է՝  լավ վարպետներ են, բայց կորոնավիրուսով պայմանավորված  նրանք էլ են զրկված եղել եկամտի աղբյուրից։ 

Դժվար կյանքով է ապրել Արկադի պապը, բայց աշխարհից չի նեղացել․ «Սումգայիթից փախել ենք,գնացել ենք Գրոզնի՝բարեկամներիս մոտ,բայց էնտեղ էլ սկսվել ա հայերի հանդեպ էդ վատ բաները,  մի քանի հայ են սպանել: Իմ բոլոր  բարեկամները Ռուսաստանում են , բայց  ես  ասել եմ՝  չէ՛,ես պիտի Հայաստան  գնամ:  Եկել ենք՝ սով ենք տեսել,հացի հերթ, գիշերը երեքին գնում էինք, հերթ կանգնում,որ են սև հացերից մի քանի հատ առնենք»: 

«Բայց, փառք Աստծո, թոռնիկներս մեծացել են ,բոլորին Աստված պահել ա, հիմա ուզում ենք՝ մի լավ բանի հասնեն, ու ամենակարեւորը՝ խաղաղություն լինի»,-ասում է պապը՝  հայացքն ուղղելով  արհեստանոցի  պատից կախած սրբապատկերներին։

Հրաժեշտից առաջ հարցնում ենք՝  ճիշտ են ասում,որ կոշկակարի կոշիկը միշտ ծակ է:
«Չէ՛,իմը ծակ չի լինում,ես մշտապես թարմացնում եմ:Ընտանիքիս անդամներին էլ եմ ասում,մի թողեք, ասեք՝ պապի, տար սարքիր»,- լինում է պատասխանը:

118159344_738215906999647_1211370882396399007_n.jpg (284 KB)