Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

«Կոշիկի ծերը ցեխ չլինելու համար գնամ Երևա՞ն, Կիրովակա՞ն, գնամ, ինչ է թե ասֆա՞լտ է»․ Մաթեւոսյանի եղբորը՝ հյուր

Ահնիձորի՝  արձակագիր Հրանտ Մաթևոսյանի  տան  դարպասները բաց էին, արշավականները անաղմուկ ներս մտան։ Մինչև տան մուտքին հասնելը նկատելի էին մշակված բերքատու ծառերը, փեթակները և անկյունում մի հատիկ արևածաղիկը։  Արշավականներին ընդառաջ եկավ գրողի կրտսեր եղբայրը՝ գրականագետ Համո Մաթևոսյանը։

Հայացք նետեց  խմբի վրա, մտավ տուն, նորից դուրս եկավ ծխախոտը վառած  ու․ «Էրևանում էլ մարդ չկա՞ր եկող»,- կատակեց։ Գրականագետ Համո Մաթևոսյանի հետ զրուցելու էին եկել 16 արշավական՝  «Գրքամոլ» ակումբի «ԳրՔամփինգ»-ի շրջանակում։

Գիշերը տեղացած անձրեւից դեռ թաց կանաչ այգում՝  Համո Մաթևոսյանի շուրջբոլորը տեղավորվեցին արշավականները։Նրանք եկել էին լսելու, սիրելի գրողի մասին չգրված պատմություններ իմանալու, ծանոթանալու  գյուղին, որը Հրանտ Մաթևոսյանն անվանում էր Ծմակուտ։

Համո Մաթեւոսյանը  պատմում է, որ  տունը դժվարությամբ է կառուցվել, ճիշտ-ճիշտ «Աշնան արևը» վիպակի տան պես։

«Երբևէ չենք մտածել բարեկեցիկ պայմաններով տեղ տեղափոխվելու մասին, որովհետև ինչ կապ ունի որտեղ ես, բարեկեցիկ դարձնողը դու ես։ Կոշիկի ծերը ցեխ չլինելու համար գնամ Երևա՞ն, Կիրովակա՞ն, գնամ, ինչ է թե՝ ասֆա՞լտ է»,-ասում է նա։

Ասում է, որ «Մենք ենք մեր սարերը» վիպակի Իշխանը, Ավագը, Ռևազը  իրական մարդիկ են, պատմությունն էլ իրական է։

Անկեղծանում է՝  «Աշնան արև»-ի Աղունի կերպարն էլ հենց իր մայրն է։ Ինքն էլ ավագ եղբոր նման կարծում է, որ խեղճությունն անեծք է և չպիտի ամեն ինչի առաջ գլուխդ կախես։

 «Հրանտի հետ քննարկում էինք  վիպակների ծննդի պրոցեսը, համակարծիք էինք, բայց կան ստեղծագործություններ, որոնց վերջաբանների հետ ես համաձայն չեմ»,-ասում է գրականագետը;  Ըստ նրա՝  շուտով պետք է հրապարակեն որոշ ստեղծագործությունների սկզբնական վերջաբանով տարբերակները։

 Վերջում «ԳրՔամփինգի» արշավականներին խոստացավ մյուս այցին իր քաշած օղին հյուրասիրել։

Արշավն այսքանոց չավարտվեց․  արշավականները երեկոյան խարույկի շուրջ ընթերցեցին և քննարկեցին գրողի «Վերադարձ» պատմվածքը՝ առանց Համո Մաթեւոսյանի ներկայության։

«ԳրՔամփինգը» երկօրյա էր, Դսեղի Ծովեր-ում վրանեցին, հաջորդ օրն էլ Թումանյանին նվիրեցին ու քննարկեցին «Կիկոսի մահը» հեքիաթը։

Հաջորդ ուղղությունը,  ենթադրվում է, Բակունցի Գորիսը կլինի։